ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը ճանաչվել է աշխարհի պատմության մեջ ամենահարուստ մարդը: Տեղեկությունը հայտնում է Forbes-ը։
Մասկը նման արդյունքի է հասել նաև «Tesla»-ի բաժնետոմսերի գնի կտրուկ աճի արդյունքում, ինչը ևս 36,2 միլիարդ դոլար է բերել նրան, որոնցից 20-ը՝ երեկ, մեկ օրվա ընթացքում։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան նույնպես հասել է ռեկորդային կետի՝ գերազանցելով տրիլիոն դոլարը եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո, որում երրորդ անգամ անընդմեջ ռեկորդային շահույթ էր գրանցվել։
Մասկի ընդհանուր կարողությունը գնահատվում է 271,3 մլրդ դոլար։ Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Amazon»-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (194.1 մլրդ դոլար), եռյակը եզրափակում է ֆրանսիական LVMH ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն (187.5 մլրդ դոլար):
Մասկը հիմնադրել է «Tesla» ընկերությունը 2003 թ․-ին, սկզբում այն զբաղվում էր միայն ավտոմեքենաների արտադրությամբ։ Ավելի ուշ «Tesla»-ն սկսել է հետաքրքրվել արևային մարտկոցների և էներգակուտակող այլ համակարգերի ստեղծմամբ։