ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կրիպտոարժույթները նույնպես պետք է հարկվեն։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածու Արտակ Մանուկյանը։
Նա նշեց, որ «Ապօրինի գույքի բռնագրավման մասին» օրենքում առգրավման ենթակա ակտիվների թվում նշված են նաև կրիպտոարժույթներ, սակայն Քաղաքացիական օրենսգրքում դրանց սահմանումը դեռ չկա: Մանուկյանը հավելեց, որ խորհրդարանը պետք է հստակություն մտցնի այդ հարցում։
«Շատ երկրներում հարկերի հավաքագրման նպատակով արդեն հաշվի են առնվում և՛ հանքարդյունաբերությունը, և՛ կրիպտոարժույթը։ Իհարկե, այդ հարկերն ավելի հեշտ է հավաքել այնտեղ, որտեղ ներդրված են համընդհանուր հարկային հայտարարագրեր, բայց աշխատանքի այդ ճակատում էլ մենք պետք է գործենք»,- ասաց նա։
ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար Արտակ Մանուկյանի թեկնածությունն առաջարկել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։
Հանձնաժողովին Մանուկյանի թեկնածությունն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Հիշեցնենք, որ յոթերորդ գումարման խորհրդարանում Մանուկյանը պատգամավոր էր Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքից, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը։