«Հիմա անուններ չեմ հնչեցնի». Ալեն Սիմոնյանը` հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքացիներից շատերի համար հասկանալի է, թե ով կարող էր կանգնած լինել ահաբեկչության հետևում ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին 1999թ․-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի շենքում իրագործված ահաբեկչության զոհերի հիշատակին:
Օրենսդիր մարմնի ղեկավարը, խորհրդարանականներն ու ԱԺ աշխատակիցները ծաղիկներ դրեցին Ազգային ժողովի այգում գտնվող հուշակոթողի դիմաց:
Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը հիշեցրեց, որ 2019թ․-ի վերջին վերսկսվել է ահաբեկչության հնարավոր կազմակերպիչների մասով հետաքննությունը։ Նա հայտարարեց, որ չի ցանկանում իր անձնական տեսակետը բարձրաձայնել, բայց կարծում է, որ հոկտեմբերի 27-ի հիմնական պատճառները, հիմնական մասնակիցներին ու այն հարցերը, որ բաց են մնացել, հանրությունը գիտի, ինչպես 20 տարի շարունակ իմացել է ընտրակեղծիքների մասին։

«Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ` մենք բոլոր հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով»,– ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
Ի՞նչ էր կատարվում 99–ի հոկտեմբերի 27-ին և դրանից հետո. 21–ամյա ողբերգության տեսախրոնիկան
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
«Հոկտեմբերի 27»-ի գործով դատավորը լքել է Հայաստանը, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
Փաշինյանը հիշեց «հոկտեմբերի 27»-ն ու թվարկեց Սերժ Սարգսյանի ընտանիքին վերաբերող փաստեր