Covid-ի հետևանքով մահացածների թվի տարբերության հետ կապված հանձնաժողով է ստեղծվել. նախարար

Թագուհի Թովմասյանն Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվում, որ երկու կառույցների տվյալները, կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվի առումով, տարբեր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվի հետ կապված «տարբերության» համար հանձնաժողով է ստեղծվել։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Եկեք պատվաստվենք». Գյումրիում հոկտեմբերի 31-ը պատվաստումների օր է
Նշենք, որ Ավանեսյանին հարց ուղղեց «Պատիվ ունեմ»–ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը` ասելով, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ տարի 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։ Թովմասյանը հետաքրքրվեց` կա՞ արդյոք հստակ թիվ կորոնավիրուսի հետևանքով մահացածների, և ինչո՞ւ է խճճված վիճակագրությունը։

«Հիմա ստուգում ենք երկու կառույցների ներկայացրած տվյալները, և երբ այդ աշխատանքները կամփոփվեն, կհայտնենք այդ մասին։ Վիճակագրությունը հստակ է, որևէ խճճելու հարց չկա»,–ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` հարցն այն է, որ փուլ առ փուլ են անցել էլեկտրոնային համակարգի, և հիմա ճշտում են, թե որ փուլում են տվյալները դուրս մնացել։ Սակայն, ըստ նախարարի, ընդհանուր վիճակագրությունից որևէ տվյալ դուրս չի մնացել։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2074-ով և դարձել 300 143: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը, ըստ ԱՆ–ի, 6151 է։