Այնպես արեք, որ ձեր ռեժիմին փոխարինի դեմոկրատիան, այլապես ձեր ապագան շատ մռայլ է լինելու

Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը
Sputnik
Եկեք անկեղծ լինենք։ Այժմ աշխարհում հեղինակապաշտական ռեժիմների նոր ալիք է բարձրանում։ Եվ մասնագետները փաստում են՝ մերօրյա ավտորիտար վարչակարգերը բոլորովին նման չեն նախկիններին, որոնց օրոք ամեն ինչ գերազանցապես խարսխված էր բռնության և վախի վրա։
Ներկայիս ռեժիմները մեծ մասամբ պոպուլիզմի վրա են հիմնված։ Գոնե մենք՝ հայաստանցիներս, սեփական փորձից գիտենք, որ ընտրողների սիրտը շահել ցանկացող ղեկավարը մուրճով է գալիս նախընտրական հանրահավաքի և խոստանում է կտրել կոռուպցիոներների թաթիկները։ Դա շատ շատերին է դուր գալիս։ Իսկ եթե նաև պատկերավոր նկարագրեք, թե ինչպես եք որոշ մարդկանց պառկեցնում ասֆալտին կամ ծեփում պատին, հաստատ մեծամասնություն կշահեք խորհրդարանում։
Հեղափոխության հոտ է գալիս, կամ ինչո՞ւ ՀՀ իշխանությունները երբեք չեն սիրել ՄԻՊ–երին
«Հենց այդպես՝ միանգամայն լեգիտիմ ճանապարհով, ընտրությունների միջոցով է երկրում քայլ առ քայլ հաստատվում նորօրյա հեղինակապաշտությունը»,- նշում են Շվեդիայի Գոտեբորգ քաղաքի համալսարանի դեմոկրատիայի պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Շտաֆան Լինդբերգը և նրա տեղակալ Աննա Լյուրմանը։
Մանիպուլյացիայի նուրբ արվեստի երեք գաղտնիքները
Վերլուծելով աշխարհի ավելի քան 180 երկրների փորձը` նրանք պարզել են, որ վերջին հարյուրամյակի ընթացքում այդ պետություններում ավելի քան 200 անգամ փորձ է արվել հեղինակապաշտություն հաստատել։ Ընդ որում` դեպքերի երկու-երրորդը տեղի է ունեցել այնպիսի երկրներում, որոնցում ավտորիտարիզմը բոլորովին նորություն չէ, հակառակը՝ հին և խորը արմատներ է ունեցել։ Սակայն ուշադրություն դարձրեք՝ մոտ հիսուն երկիր եղել է քիչ թե շատ ժողովրդավարական, բայց այնտեղ էլ այժմ գլուխ է բարձրացնում հեղինակապաշտությունը։
Ամենացցուն օրինակը Եվրամիության անդամ Հունգարիան է իր դասական պոպուլիստ լիդեր Վիկտոր Օրբանի գլխավորությամբ։ Բայց այդ մասին՝ առաջիկա հաղորդումներից մեկում։
Մեղավորը կա′մ նախկիններն են, կա′մ մենք՝ շարքային քաղաքացիներս
Ըստ շվեդ մասնագետների` ժամանակակից հեղինակապաշտական երկրներում պոպուլիստ առաջնորդը ամենից հաճախ իշխանությունը կիսում է պառլամենտի հետ, որը հլու հնազանդ է թեկուզ այն պատճառով, որ բոլոր իշխանական պատգամավորները ընտրացուցակում են հայտնվել միայն ու միայն լիդերի համաձայնությամբ։ Մենք հո լավ գիտենք, որ նման հավատարիմ խորհրդարանը ընդամենը երկու գլխավոր գործառույթ ունի։ Առաջին՝ ժողովրդավարության շղարշ ստեղծել և թոզ փչել միջազգային հանրության աչքերին, ինչը, համաձայնեք, շատ հաճախ հաջողվում է։ Եվ երկրորդ՝ կրծքով պաշտպանել իրենց լիդերին և թիմակիցներին ցանկացած քննադատությունից` չխորշելով նույնիսկ հենց նիստերի դահլիճում ծեծկռտուք հրահրելուց կամ անվտանգության աշխատակիցների միջոցով ընդդիմադիր պատգամավորներին ամբիոնից հեռացնելուց։
Համաձայնեք՝ մենք չէ, որ այս ամենից պիտի զարմանանք։ Հայաստանցիներիս վաղուց արդեն իշխանությունների այս պահվածքը չի զարմացնում։
Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես վերահսկել և կառավարել մարդկանց, հարցրեք Facebook–ին
Ինչպե՞ս են մեր օրերում ձևավորվում ավտորիտար ռեժիմները։ Ալյասկայի համալսարանում գործող Տնտեսության զարգացման կենտրոնի մասնագետները այսպիսի փաստեր են բերում իրենց ուսումնասիրությունից։ Ամենից հաճախ հեղինակապաշտական ռեժիմները հաստատվում են «հեղափոխություն» գեղեցիկ անվան տակ իրականացվող հեղաշրջումների հետևանքով։ Երկրորդ տեղում են ընտրությունները։ Ընդ որում` ընտրությունները կարող են միանգամայն ազատ և արդար լինել, որովհետև ամենակարևորը քարոզչության և մանիպուլյացիայի հմտություններին տիրապետելն է, իսկ այս գործում պոպուլիստ լիդերն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։
Տեղական ընտրություններ. ինչպես ՀՀ իշխանությունն ընդամենը երեք ամսում գահավիժեց
Եվ վերջում այն մասին, թե ինչ խորհուրդներ են տալիս Տնտեսության զարգացման կենտրոնի վերլուծաբանները հեղինակապաշտական վարչակարգերի ղեկավարներին։ Եթե ուզում եք, կարող եք սա անվանել ուղղակի «Ձեռնարկ դիկտատորների համար»։ Մեջբերեմ. «Եթե դուք բռնապետ եք կամ առնվազն հեղինակապաշտության ջատագով լիդեր, ձեզ համար ամենաձեռնտուն հանուն սեփական ապագայի կամովի հրաժարական տալն է։ Դա կբարձրացնի ողջ մնալու և բանտից խուսափելու ձեր շանսերը։ Նաև շահագրգիռ պիտի լինեք, որ իրականություն դառնա այն սցենարը, ըստ որի` ձեր հաստատած ավտորիտար ռեժիմին փոխարինելու կգա դեմոկրատիան։ Որովհետև մենք ուսումնասիրել ենք տարբեր երկրների տվյալները մինչև 2014 թվականը և եկել եզրակացության, որ եթե ձեր հեղինակապաշտական վարչակարգին փոխարինի մեկ այլ հեղինակապաշտական ռեժիմ, ձեզ համար ամենալավ ելքը կլինի այն, որ կարտաքսվեք երկրից»,-փաստում են Ալյասկայի համալսարանի փորձագետները։
«Բոլոր դեպքերում,- ավելացնում են վերլուծաբանները, եթե բռնապետ եք կամ նույնիսկ պոպուլիստ կիսաբռնապետ, ամեն ինչ արեք, որպեսզի ավտոկրատիային ձեր երկրում անպայման փոխարինի դեմոկրատիան»։ Այլապես, ամերիկյան գիտական կենտրոնի մասնագետներ խոսքով, չի բացառվում երկրից վտարումը, երկարաժամկետ ազատազրկումը կամ նույնիսկ այն շատ ավելի տխուր ճակատագիրը, որին արժանացել են իշխանությունից հեռացված որոշ բռնապետներ։
Ինչո՞ւ է նախկին լրագրողը կողմ ԶԼՄ–ների պատժամիջոցները խստացնելուն