ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և ՌԴ բոլոր քաղաքացիներին` իրեն ՌԴ քաղաքացիություն շնորհելու համար։ Նա այդ մասին հայտնել է ВКонтакте սոցիալական ցանցի իր էջում։
«Ինձ համար հպարտությունէ, որ նման պատվի եմ արժանացել։ Մեր հարաբերությունները հիմնված են ավելի քան 20 տարվա սիրո վրա, և ես զգում եմ, որ այդ կապն էլ ավելի ամուր կդառնա»,– գրել է Օրեյրոն և հայտնել, որ բոլորին շատ է սիրում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհել ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոյին և նրա որդուն։
Օրեյրոն հայ հանդիսատեսին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից։
Դերասանուհին մի առիթով հիշել էր Ռուսաստան իր առաջին ուղևորության մասին, երբ դեռ 20 տարեկան էր: Նա ընդգծել է, որ չնայած երկրպագուներ ունի Եվրոպայի շատ երկրներում, Ռուսաստանում նրան ավելի ջերմ են մարդիկ դիմավորում:
Նշենք, որ Նատալյա Օրեյրոն ավելի վաղ դիմել էր Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատուն՝ իրեն ՌԴ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով: