«Մենք արգելում ենք շարունակել»․ Գարիկ Մարտիրոսյանն ասել է՝ ինչու է հեռացել Առաջին ալիքից

TNT-ն սկզբում դեմ չի եղել, որ Մարտիրոսյանն ու Սվետլակովը նաև Առաջին ալիքի եթերում հայտնվեն, բայց հետո հեռուստաալիքի ղեկավարությունը մտափոխվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Երգիծաբան և հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն ու նրա գործընկեր Սերգեյ Սվետլակովը ռուսական Առաջին ալիքի «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումից հեռացել են մեկ այլ հեռուստաընկերության հետ կնքած պայմանագրի պատճառով: Գարիկ Մարտիրոսյանն այդ մասին ասել է «Կովալսկի» YouTube–յան ալիքին։
Հումորիստի խոսքով՝ TNT-ն դեմ չի եղել, երբ իրեն ու Սվետլակովին հրավիրել են «Պրոժեկտորպերիսհիլթոն» վարելու, բայց մի քանի տարի անց հեռուստաալիքի ղեկավարությունը մտափոխվել է:
«Ինչ-որ պահի TNT-ում ասացին․ «Տղաներ մենք ձեզ արգելում ենք շարունակել»», - հիշում է Մարտիրոսյանը։
«Ցավոք, հասկանում է». Մարտիրոսյանը խոսել է կնոջ հայերենի իմացության ու հայերի պաթոսի մասին
Շոումենը նշել է, որ TNT-ն նման պայման ներկայացնելու իրավունք ուներ, քանի որ երգիծաբանների հետ երկարամյա պայմանագիր էր կնքել: Եթե Մարտիրոսյանն ու Սվետլակովը մնային Առաջին ալիքում, այդ դեպքում ստիպված կլինեին հրաժարվել TNT-ի բոլոր հայտնի նախագծերից:
Հիշեցնենք` «Պրոժեկտորպերիսհիլթոն» հաղորդումը Առաջին ալիքով հեռարձակվեց 2008-2012 թվականներին։ Այն վարում էին Գարիկ Մարտիրոսյանը, Սերգեյ Սվետլակովը, Իվան Ուրգանտը և Ալեքսանդր Ցեկալոն։ Նախագիծը եթեր դուրս եկավ նաև 2017 թվականի մարտից մինչև դեկտեմբեր։
Ինչպես Գարիկ Մարտիրոսյանի կնոջ «բեք վոկալն» օգնեց «Նոր ալիքի» Հայաստանի մասնակցին