Հայաստանում համաճարակային վիճակը շարունակում է մնալ շատ լարված, վերջին 14 օրում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն աճել են 67 տոկոսով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
«Թե՛ վարակվածության թվի աճը, թե՛ մահվան դեպքերի աճի պատճառը շրջանառվող «Դելտա» շտամն է, որը կրկնակի վարակելիություն ունի և բավականին ագրեսիվ է, վարակը շատ արագ տարածվում է ու կլինիկական առումով շատ ծանր է ընթանում»,- ասաց նա։
Նրա խոսքով` այդ մանրէահիմքը փոխել է կլինիկական դրսևորումները. շատ դեպքերում պացիենտներն ունենում են սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ` քթից արտահոսք, կոկորդի ցավ, և սկսում են ինքնաբուժությամբ զբաղվել, իսկ երբ վիճակը ծանրանում է, հիվանդանոցային բուժման ընթացքն ավելի է բարդանում։
««Դելտա» շտամով պայմանավորված` ոչ միայն ռիսկային խումբն է թիրախավորված, այլև երեխաները, երիտասարդները, նաև այն անձինք, որոնք չունեն խրոնիկ հիվանդություն, այսինքն` այդ շտամը առանձնահատուկ է նաև նրանով, որ թիրախավորում է գրեթե բոլորին»,- նշեց Աբովյանը` ավելացնելով, որ Հայաստանում մահաբերության ցուցանիշն այս պահին կազմում է 2 տոկոս։
Վարակվածության առավել շատ դեպքերն արձանագրվում են 30-59 տարիքային խմբում։ Լինում են դեպքեր, երբ 30-ից ցածր տարիքային խմբում վարակվածները չեն ունենում այլ խրոնիկ հիվանդություններ, բայց բավականին ծանր են տանում հիվանդությունը։ Վարակի տարածման ցուցանիշի աճ է արձանագրվել նաև երեխաների և դեռահասների շրջանում` վերջին շրջանում ավելանալով 1.5-1.9 անգամ։
Աբովյանի խոսքով` առողջապահական համակարգն այս պահին աշխատում է գերծանրաբեռնված, իսկ մահճակալային ֆոնդը սպառման եզրին է։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1517-ով և դարձել 298 069: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 6112 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1263։