Հենք չի եղել, որ մեր զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է. Օհանյան

Սեյրան Օհանյանն ԱԺ–ում կայացած փակ քննարկումից մանրամասներ հայտնեց` ասելով, որ մի քանի եզրահանգումներ է արել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև սահմանազատման աշխատանքների առնչությամբ ԱԺ–ում կայացած փակ քննարկման ժամանակ պատգամավորները շատ հարցերի պատասխաններ չեն ստացել։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ամեն ինչ պետական գաղտնիք են կոչում»․ Թագուհի Թովմասյանը դուրս է եկել փակ քննարկումից
Հայտնել էինք, որ ընդդիմության առաջարկով ԱԺ–ում կազմակերպված փակ քննարկմանը ներկա են ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

«Մեր գործընկերները նաև որոշակի գաղտնի տեղեկություններ ներկայացրին, որոնց չեմ անդրադառնա։ Իրականում մենք հրավիրել էինք քաղաքական գործիչների, այսինքն` գերատեսչությունների ղեկավարներին, որոնք տիրապետում են քաղաքական, իրավական հենքերին։ Սակայն մենք չստացանք պատերազմից հետո իրավիճակի գնահատման առնչությամբ մի շարք հարցերի պատասխաններ»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` որևէ հենք չի եղել, որ հայկական զորքերը հետ քաշվեն այն դիրքերից, որտեղ պատերազմն ավարտվել է, հատկապես Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում։ Օհանյանը նշեց` եթե այդ ամենն իրականացվել է բանավոր կերպով` ՀՀ իշխանությունների կամ որևէ ուրիշի կողմից, պետք է իշխանությունն ասի այդ մասին։
Բացի այդ, ըստ Օհանյանի, ժամանակին որոշում չի ընդունվել կարևոր ռազմավարական կետերը (բարձունքներ ու ճանապարհներ) զբաղեցնելու` թեկուզ չհաստատված շփման գծում, այսինքն` Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած շփման գծում։ ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նշեց, որ իրականում որևէ նախադրյալ չլինելով` Ադրբեջանի պարտադրմամբ այսօր սահմանագծում է արվել։
Այս իշխանությունները պետությունը ղեկավարում են ոտքի վրա և ձեռքի հետ․ Սեյրան Օհանյան
Օհանյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ ոչ մի եզրակացություն չի արվել` ինչպե՞ս են ադրբեջանցիները մխրճվել ՀՀ տարածք, ովքե՞ր են մեղավոր, ի՞նչ քայլեր են իրականացվում այդ դիրքերը վերականգնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դեռ օգոստոսի 17-ին էր առաջարկել սահմանին տիրող իրավիճակի հարցի առնչությամբ փակ քննարկում կազմակերպել։
Ազգային ժողովն այսօր հավանություն տվեց Օհանյանի առաջարկին ու փակ հանդիպումը կազմակերպվեց։