Եկեք անկեղծ լինենք։ Բավական տխուր է հայաստանյան ՄԻՊ–երի պաշտոնավարման գրեթե 30-ամյա պատմությունը։ Մարդու իրավունքների առաջին պաշտպանը՝ Լարիսա Ալավերդյանը, երկու տարի էլ չմնաց այդ պաշտոնում։ Թեև պատճառն այն էր, որ ըստ նոր Սահմանադրության` օմբուդսմենին այսուհետ պիտի ընտրեր ոչ թե նախագահը, այլ խորհրդարանը, այնուամենայնիվ, բոլորովին գաղտնիք չէ՝ Հայաստանի երկրորդ նախագահի և օմբուդսմենի հարաբերությունները, մեղմ ասած, խիստ լարված էին, իսկ վատ թաքցրած հակամարտությունն՝ ակնհայտ։
Տիկին Ալավերդյանին փոխարինած Արմեն Հարությունյանն էլ իշխանավորների հետ չկարողացավ, ինչպես ասում են, յոլա գնալ, և հրաժարական տվեց սահմանված 6-ամյա ժամկետը չլրացած՝ նախագահի կողմից արժանանալով «մեր ամենաանհաջող կադրը» բնորոշմանը։ Ճիշտ է, կարելի է ենթադրել, որ հիմա դա նրան երևի չի էլ հուզում, քանզի արդեն քանի տարի աշխատում է Եվրոպական դատարանում, մինչդեռ նրան այդ վիրավորական բնորոշումը տված նախագահին անընդհատ դատում են։
Երրորդ օմբուդսմենը՝ Կարեն Անդրեասյանը, շատ ավելի քննադատաբար էր տրամադրված իշխանությունների, մանավանդ դատական իշխանությունների նկատմամբ։ Եթե հիշում եք, մի անգամ իր զեկույցում նույնիսկ հրապարակեց կաշառքի կոնկրետ չափերը, որոնք պահանջում են տարբեր ատյանների դատավորները։ Պարզ է, որ դրանից հետո նա այլևս պաշտպանի պաշտոնում մնացողը չէր։ Դժվար է ասել՝ արդյոք սուսուփուս հեռանալու առաջարկով բարի խորհո՞ւրդ էր ստացել, թե՞ շատ իրական սպառնալիք, համենայնդեպս նա էլ գնաց, բայց այժմ վայելում է հեղափոխական իշխանությունների բարեհաճությունը և մանրամասն բացատրում, թե ինչպես է նախարարական առանձնասենյակի պատի դիմանկարը օգնում նմանվել առաջնորդին։
Գործող օմբուդսմենը՝ Արման Թաթոյանը, որի պաշտոնավարությանը մնացել է ընդամենը մի քանի ամիս՝ մինչև հաջորդ տարվա փետրվարը, կարող է իհարկե հիմա էլ ցուցադրաբար շրխկացնել դուռը՝ այդպես արձագանքելով իր հասցեին շարունակաբար հնչող դժգոհություններին։ Սակայն մեկնաբանները համոզված են, որ նա նման բան չի անի, թեև ամենաբարձրաստիճան ղեկավարներից մեկը վերջերս արդեն բարձրաձայնել է թափանցիկ նախազգուշացումը՝ փետրվարին իշխանական մեծամասնությունը հազիվ թե թույլ տա գործող պաշտպանին շարունակել պաշտոնավարումը։
Վերջապես հասանք գլխավոր հարցին՝ ինչո՞ւ են մեր բոլոր իշխանությունները ակնհայտորեն վատ վերաբերվել բոլոր օմբուդսմեններին։ Պատասխանը շատ պարզ է՝ այդ ամենը պայմանավորված է մեր բոլոր իշխանությունների բավական ցածր որակով և իրականության ընկալման ամենապարզունակ մակարդակով։ Հաստատ տեղյակ եք, որ մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գործը շարքային քաղաքացուն պաշտպանելն է պետական պաշտոնյայի սխալ որոշումներից և անընդունելի կեցվածքից։ Ընդամենը մի օրինակ բերեմ Շվեդիայից, որտեղ մոտ 200 տարի առաջ է ձևավորվել օմբուդսմենի ինստիտուտը` աշխարհում առաջինը։
Այդ երկրում ընդհանրապես ամոթալի է համարվում ուրիշի իրավունքների ոտնահարումը, մանավանդ բարձրաստիճան չինովնիկի կողմից, և խիստ կարևորվում է պաշտոնյայի բարոյական կերպարը։ Ուղիղ 5 տարի առաջ Շվեդիայի պետխորհրդական Աիդա Հաջիալիչը բռնվեց, երբ իր ավտոմեքենան վարում էր անսթափ վիճակում։ Անմիջապես մուծեց տուգանքը և հրաժարական տվեց՝ չսպասելով հանրության բարոյական դատապարտմանը։ Գիտեմ, կասեք՝ բա մեզ մոտ էլ նախարարներից մեկը լրագրողին սրճարանում ծեծելուց հետո հրաժարական տվեց։ Շատ ճիշտ եք հիշում, միայն մի նրբություն՝ իսկ որտե՞ղ է այդ պաշտոնյան հիմա։ Վա՞յ, մեր պառլամենտի նախագահությունում հանգիստ նստած է։
Մի տեղ կարդացի, որ եվրոպական երկրներում պաշտոնյան, որին քննադատության է ենթարկել մարդու իրավունքների պաշտպանը, շատ դեպքերում պարզապես համարում է իր կարիերան ավարտված։ Մեզ մոտ բոլորովին այլ կերպ է ընկալվում օմբուդսմենի գործունեությունը։ Եթե նա քննադատում է իշխանավորներին, ուրեմն ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական ընդդիմություն՝ բա հո իշխանությանը չեն քննադատում այն 53 տոկոս ընտրողները, որոնք վերջին ընտրություններում քվեարկել են հենց այդ իշխանության օգտին։ Իսկ քանզի հայաստանցի պաշտոնյաների վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ ավանդաբար խիստ բացասական է եղել, նույնիսկ՝ գրեթե թշնամական, այդ վերաբերմունքը, բնականաբար, տարածվում է նաև մարդու իրավունքների պաշտպանի վրա։
Սակայն գործող օմբուդսմենի հասցեին հնչող մեղադրանքները նոր երանգավորում են ստացել։ Ընդամենը օրեր առաջ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Անվտանգության խորհրդի ղեկավարը, բացեիբաց հայտարարեց. «Որոշ մարդիկ հանդես են գալիս հակահեղափոխական դիրքերից, և Թաթոյանը նրանց շարքում է»։ Երևի չեք ժխտի, ինչ ասես՝ լսել էինք, բայց մինչև այժմ երբեք օմբուդսմենին չէին մեղադրել այն բանում, որ նա գտնվում է հակահեղափոխականների շարքերում։ Համաձայնե՛ք` սոցիալիստական մեծ հեղափոխության հոտ է գալիս։ Միգուցե այն պատճառով, որ նոյեմբերի յո՞թն է մոտենում։