ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը կգան ԱԺ, փակ քննարկում կլինի սահմանին տիրող իրավիճակի և սահմանազատման աշխատանքների առնչությամբ։ ԱԺ–ն այսօր 63 կողմ, 17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ընդդիմության` նման քննարկում կազմակերպելու առաջարկը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդն առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող «Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով հրատապ քննարկում անցկացնել:
Նա հավելեց, որ հարակից զեկուցման հնարավորություն կտրվի ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցին և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց` արդյո՞ք արտաքին գործերի նախարարը ներկա չի լինելու նիստին, քանի որ կան մի շարք հարցեր, որոնք հենց նրա ոլորտին են առնչվում։ Ի պատասխան Ռուբինյանն ասաց, որ ընդդիմության առաջարկը փոխանցել է կառավարությանը և, ըստ էության, կառավարությունը հարկ է համարել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին ու ԳՇ պետի տեղակալին հրավիրել ԱԺ։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դեռ օգոստոսի 17-ին էր առաջարկել սահմանին տիրող իրավիճակի հարցի առնչությամբ փակ քննարկում կազմակերպել։