ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանաբնակ ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել Instagram–ի իր էջում քաղցկեղով հիվանդ կնոջ մասնակցությամբ, որի երազանքը Գոհարի օգնությամբ կերպարանափոխվելն էր։
Դիմահարդարը նշել է, որ օրեր առաջ իրեն հաղորդագրություն է գրել հետևորդներից մեկն ու հայտնել, որ Մոսկվա է գալիս բուժման նպատակով։ Գոհարը եղբորը խնդրել է գնալ օդանավակայան ու դիմավորել կնոջը։
«Ես 32 տարեկան եմ, ինձ մոտ արգանդի վզիկի քաղցկեղ են հայտնաբերել։ Երկու երեխա ունեմ` տղա ու աղջիկ։ Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ նրանց լույս աշխարհ բերել։ Ես շատ վաղուց էի հետևում Գոհարին սոցցանցերում և երազում էի, որ մի օր նա ինձ էլ կերպարանափոխի»,–նշում է կինը։
Գոհարը ոչ միայն շպարում է կնոջը, այլև հագուստ, կոշիկ ու կեղծամ է նվիրում նրան։ Դիմահարդարումից հետո կինն անչափ հուզվում է ու չի կարողանում աչքերին հավատալ։
Կնոջ ամուսինը ևս դժվարությամբ է զսպում հուզմունքը։
«Շոկի մեջ եմ, նա այնքա՜ն գեղեցիկ է»,–ասում է տղամարդը։
Դիմահարդարը ընտանիքին նաև ֆինանսական օգնություն է տրամադրել ու հույս ունի, որ կինը շուտով կհաղթահարի քաղցկեղը։
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ նա ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։
Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։