ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 80 տարի անհետ կորած համարվող Եղիշ Հովհաննիսյանի մահվան վայրից բերված հողն այսօր ամփոփվեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքում:
Եղիշ Հովհաննիսյանի մահվան վայրից բերված հողն ամփոփվեց Արագածոտնի Թալին քաղաքում
© Sputnik / Andranik Ghazaryan
Եղիշ Հովհաննիսյանը ծնվել է 1902 թվականին Վերին Թալին գյուղում։ Ռազմաճակատ է մեկնել 1941 թվականի օգոստոսի 25-ին, ծառայել է 388-րդ հրաձգային դիվիզիայի 778-րդ հրաձգային գնդում։ Հարազատների հետ կապը կորել է 1942 թվականի ամռանը։ Եղիշի ավագ եղբայրը՝ Սերգո Հովհաննիսյանը, փորձել է գտնել նրան, բայց ապարդյուն։ Այդ ժամանակից ի վեր Եղիշն անհետ կորած էր համարվում։
Լրագրողների հետ զրույցում Եղիշի զարմիկները՝ Գևորգ և Ժորա Հովհաննիսյանները, ասացին, որ իրենց հորեղբայրն ամուսնացած էր, դուստր ուներ, որն էլ իր հերթին երկու երեխա ուներ։ Զավակներից մեկն ապրում է ԱՄՆ-ում, մյուսն արդեն մահացել է։
Եղիշ Հովհաննիսյանի զարմիկ՝ Ժորա Հովհաննիսյանները
© Andranik Ghazaryan
«Հորեղբայրս գրեթե 40 տարեկան է եղել, երբ ռազմաճակատ է մեկնել։ Ես նրան չեմ տեսել։ Հիշում եմ, որ տանը նրա մասին միայն լավն էին խոսում։ Եղիշի կնոջ՝ Անգինի հետ անընդհատ շփում կար», - ասաց Ժորան։
Բացի Եղիշից, ռազմաճակատ են մեկնել նաև նրա բոլոր եղբայրները։ Սակայն միայն նրա մասին գրեթե ոչ մի տեղեկություն չկար։ Ժորա Հովհաննիսյանը պատմում է, որ իրենց կրտսեր հորեղբայրը հերոսական արարք է կատարել` կարողացել է դուրս գալ գերությունից, գերմանացիների առաջիկա հարձակման մասին զեկուցել իր գումարտակին և տասնյակ կյանքեր փրկել:
«Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր աշխատանքի ընթացքում առաջին անգամ է նման ակցիա անցկացվում: Սևաստոպոլի մոտակայքում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են Եղիշի անձնական իրերն ու մեդալիոնը, որում նշված են եղել Հովհաննիսյանի անվան սկզբնատառերը և հասցեն:
Վահրամ Կարապետյան
© Sputnik / Andranik Ghazaryan
«Այդ ամենը 80 տարի անց Հովհաննիսյանի հարազատ քաղաք տեղափոխվեց։ Մեզ համար սա շատ կարևոր առաքելություն է։ Այսօր հողով տուփը վերահուղարկավորվեց այստեղ, իսկ անձնական իրերը փոխանցվեցին «Մայր Հայաստան» թանգարանին», — ասաց Կարապետյանը։
Նա նշեց, որ վերահուղարկավորումներ են կազմակերպվում ոչ միայն Հայաստանում։ 2018 թվականին նման արարողություն է եղել Չեչնիայում, որտեղ 14 հայի աճյուն է եղել։
Հայրենական պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանն էլ իր հերթին նշեց, որ անձամբ չի ճանաչել Եղիշին, բայց գիտի, որ նա հրաշալի զինվոր է եղել, որն իր կյանքը զոհաբերել է հանուն հաղթանակի:
«Պատերազմը երկար էր՝ չորս տարի կրակի տակ։ Նահանջի ժամանակ մեզ փոքրիկ մեդալիոններ էին բաժանում, որոնց մեջ մեր անուններով ու հասցեներով թղթեր էին դրված», - ասաց Աբգարյանը։
Ռոզալյա Աբգարյանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Հենց այս մեդալիոնի շնորհիվ է, որ այսօր Եղիշ Հովհաննիսյանին հայրենիք վերադարձրին։
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նշեց, որ հայերը միշտ պայքարել են խաղաղության համար։ Նոր սերունդները պարտավոր են հիշել, գնահատել բոլոր ժամանակների հերոսներին ու դաստիարակվել նրանց օրինակներով:
Դավիթ Գևորգյանն ու Վահրամ Կարապետյանը
© Sputnik / Andranik Ghazaryan
Հիշեցնենք, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մոտ 600 հազար հայ է մեկնել ռազմաճակատ, նրանց կեսից շատը տուն չի վերադարձել։ Հայրենական մեծ պատերազմի 4 մասնակիցներ արժանացել են Խորհրդային Միության մարշալի կոչման, նրանցից մեկը՝ նավատորմի ծովակալի:
Շուրջ 60 հայ գեներալներ ռազմական խոշոր միավորումներ են ղեկավարել։ Բացի այդ, հայերը բացառիկ անձնազոհության օրինակ են ցույց տվել դաշնակիցների զորքերի կազմում, պարտիզանական ջոկատներում և դիմադրության շարժման շարքերում։