ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ռազմական ծախսերի ավելացման ու աստիճանաբար պրոֆեսիոնալ բանակի անցնելու մասին հայտարարությունները միանգամայն հասկանալի հետաքրքրություն են առաջացնում հասարակության շրջանում, բայց բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռ կախված են օդից։
Անշուշտ, բանակի կարիքների համար լրացուցիչ գումարներ հատկացնելը ողջունելի է։ 44-օրյա պատերազմից հետո հայկական բանակն առավել քան երբևէ նոր ռեսուրսների ներգրավման, սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնումների, կառուցվածքային և այլ վերափոխումների կարիք ունի: Եվ ծախսերը 11 տոկոսով ավելացնելն ու ռազմական բյուջեն 725 մլն դոլարի հասցնելը իսկապես ողջունելի է։
Բայց խնդիրն այն է, որ բարեփոխումների հստակ ռազմավարություն չկա, չկա հստակ տեսլական, թե ինչպիսին կլինի բանակը 5, 10 տարի հետո։ Համենայնդեպս հասարակությունն այդ մասին ոչինչ չգիտի, իսկ այն, ինչ հայտնի է, այսրոպեական, իրավիճակային լուծում է թվում։
Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանի կարծիքով՝ բյուջեի ծախսերի ընդհանուր կառուցվածքում պաշտպանական ծախսերն իհարկե զգալի տեղ են զբաղեցնում, բայց խնդիրն այն է, որ այդ գումարները բավարար չեն պրոֆեսիոնալ բանակ պահելու համար: Եթե, իհարկե, խնդիր չի դրվում ունենալ 15-20 հազար պրոֆեսիոնալ զինծառայող, ինչը չափազանց քիչ է այսօրվա մարտահրավերներով ու սպառնալիքներով Հայաստանի համար։
«Բնականաբար, ամբողջությամբ պրոֆեսիոնալ բանակի անցնելը հաջորդ տարի չի լինի, Փաշինյանը խոսում է այդ համակարգի սահուն ներդրման մասին։ Բայց այն փաստը, որ իշխանությունն ուզում է ամբողջությամբ անցնել նման բանակի, արդեն մտահոգություն է առաջացնում։ Ինչպես շատ ոլորտներում, այնպես էլ այստեղ, կարծում եմ, վարչապետին սխալ խորհուրդներ են տալիս», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ներսիսյանը։
Նա հիշեցրեց, որ պատերազմից հետո ռազմական ղեկավարությունը խոստացել էր կես տարվա ընթացքում բանակի բարեփոխումների ծրագիր ներկայացնել, որը մինչ օրս չկա, դրա փոխարեն խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին։ Բայց նույնիսկ այդ իմաստով նման անցումը բանակային բարեփոխումների միայն մի մասն է։ Հասարակությունը մինչև հիմա չի տեսել միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների գնահատում, անհասկանալի է նաև, թե ինչպես են պատրաստվում փոխել կրթական համակարգը, ինչպես են զարգացնելու արդյունաբերությունը, ինչպես են պատկերացնում թիկունքային ապահովման, լոգիստիկայի խնդիրների լուծումը։ Այս բոլոր ուղղությունները սերտորեն կապված են զինված ուժերի բարեփոխումների հետ։
Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ բանակին, ապա անհասկանալի է, թե ինչպիսին է լինելու պրոֆեսիոնալ զինվորականների ու ժամկետային զինծառայողներին հարաբերակցությունը ԶՈւ ընդհանուր կառուցվածքում։ Դեռ սեպտեմբերին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել 20%-ով։
Նշանակում է, որ ժամկետային զինծառայողների բանակն ամբողջությամբ լուծարելու խնդիր չի դրվում։ Դա արվում է նաև բանակում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով։ Իշխանության մտահղացմամբ՝ որքան քիչ է ծառայության ժամկետը, այնքան ավելի շատ տղաներ կուզենան ծառայել և չեն խուսափի բանակից։ Բացի այդ, առաջիկայում ժամկետային զինծառայողներն առաջնագծում մարտական հերթապահություն չեն իրականացնի։ Ներսիսյանի համար խիստ կասկածելի են այս երկու գաղափարները։
Նախ՝ բանակի գրավչությունը կարելի է ապահովել առանց ծառայության ժամկետը կրճատելու, երկրորդ՝ անհասկանալի է, թե որքան պրոֆեսիոնալ զինվորականներ են անհրաժեշտ սահմանների ամբողջ երկայնքը պաշտպանելու համար, եթե ժամկետային զինծառայողներին դուրս բերեն այնտեղից։ Պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանագիծն ավելացել է մի քանի հարյուր կիլոմետրով, ու դա լրացուցիչ անձնակազմի ներգրավում է պահանջում։ Սակայն դրա փոխարեն իշխանությունը հույս ունի ապագայում (Ադրբեջանի հետ սահմանային տարաձայնությունները կարգավորելուց և սահմանազատման աշխատանքներ կատարելուց հետո) տեսախցիկներ տեղադրել մի շարք հատվածներում ու միայն սահմանապահներ տեղակայել։
Բանակում ցանկացած փոփոխություն պետք է արտացոլի նաև արտաքին սպառնալիքների բնույթի փոփոխությունները։ Մեր զրուցակցի կարծիքով՝ երաշխիքներ չկան, որ Ադրբեջանի հետ սահմանը տեսանելի հեռանկարում սովորական պետական սահմանի ռեժիմ կունենա։ Նա ենթադրում է, որ այնտեղ դեռ երկար ժամանակ խաղաղ չի լինի, և այս ֆոնին բանակի ղեկավարության ծրագրերը բավականին կտրված են իրականությունից: