Մեսիջ աշխարհին. Արցախում հայկական հուշարձանների մասին միջազգային գիտաժողով կանցկացվի

Արցախի ԿԳՄՍ նախարարի համոզմամբ՝ այս գիտաժողովը մեկընդմիշտ վերջ կդնի հակառակորդ պետության՝ ամեն հայկական հուշարձանն աղվանացնելու թեզերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. 2022-ի մարտին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայանալու է միջազգային գիտաժողով, որի ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների աղվանացման փորձերը, հերքվելու են ադրբեջանական թեզերը։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։
Լուսինե Ղարախանյանը
«Ես շատ ուրախ եմ, որ գոնե ակադեմիական շրջանակներում ադրբեջանիցների՝ մեր հուշարձաններն աղվանական համարելու հոխորտանքները չեն լեգիտիմացվում։ Այս գիտաժողովը ևս մի հաղորդագրություն կլինի աշխարհին, որ չի կարելի նենգափոխել այն, ինչի ծագումը հայտնի է», - ասաց նախարարը։
Արցախի ԿԳՄՍ նախարարի համոզմամբ՝ այս գիտաժողովը մեկընդմիշտ վերջ կդնի հակառակորդ պետության՝ ամեն հայկական հուշարձանն աղվանացնելու թեզերին։
«Մենք մեր կողմից գոնե Սամվել Կարապետյանի (հայտնի հուշարձանագետ, մահացել է 2020-ին, ծավալուն աշխատություններ ունի հայկական հուշարձանների և դրանց ոչնչացման վերաբերյալ - խմբ․) թողածը պետք է տարածենք և հանրահռչակենք և այդպես հակադարձենք Ադրբեջանին։ Գուցե հետպատերազմական շոկն է, որ մեր պատմաբանները արագ չեն լծվել այդ հակադարձման գործին։ Բայց մենք մեր գործն անում ենք», - ասաց նախարարը։
Ստեփանակերտ
Գիտաժողովի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են։ Ղարախանյանի խոսքով՝ հրավիրվելու են մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
Տիկին նախարարը նշեց նաև, որ սպասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցը Լեռնային Ղարաբաղ՝ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական վերահսկղության տարածքներ։ Այցը ծրագրված էր դեռևս 2020-ի նոյեմբերի 21-ին, սակայն հետաձգվել է։ Հայկական իշխանությունները Արցախի ԿԳՄՍ-ին փոխանցել են տեղեկությունը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է ԼՂ այցելելու իր մտադրությունը։
Արցախն առաջարկել է ադրբեջանական նկարներ տալ Շուշիում մնացած կտավների դիմաց. Բաքուն լուռ է
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել ավելի քան 2000 հայկական հուշարձաններ։ Դրանց թվում են 52 ամրոց, 12 թանգարան, 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 536 խաչքար, կամուրջներ, գերեզմանատներ։ Հակառակորդը շարունակաբար քանդում է այդ հուշարձանները (Շուշիի Կանաչ ժամ, Մեխակավանի եկեղեցի) կամ նենգափոխում դրանց ծագումը` ներկայացնելով որպես աղվանական կամ ուդիական (Դադիվանք)։