ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո ասել է, որ 10 դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու հետ կապված դիվանագիտական ճգնաժամը լուծվել է դեսպանատների հայտարարություններից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դեսպանատներն այսօր հայտարարել են, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն` հավատարիմ են մնում այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու դրույթին։
«Որոշ երկրների դեսպաններ անմիջապես թիրախավորել էին մեր ինքնիշխանությունը։ Նման հայտարարությունը մեծ վիրավորանք է մեր դատավորների, փաստաբանների համար։ Թուրքիայի դատարանն անկախ է և չի ընդունում որևէ մեկի հրամանները։ Այդ պատճառով նման վիրավորանքին պատասխանելը մեր պարտականությունն է։ Մենք ճգնաժամ ստեղծելու մտադրություն չունենք, բայց ուզում ենք պաշտպանել մեր երկրի իրավունքները, շահերն ու հպարտությունը։ Եվ այսօր դեսպանատների հայտարարություններով իրավիճակը փոխվեց»,– ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով` ինքը հավատում է, որ դեսպաններն այսուհետ ավելի ուշադիր կլինեն իրենց հայտարարություններում։
Հիշեցնենք` 10 երկրի` Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ–ի դեսպանատներն ավելի վաղ Թուրքիային հորդորել էին ազատ արձակել թուրք իրավապաշտպան Քավալային։ Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ–ն կանչել էր այդ երկրների դեսպաններին և հիշեցրել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱԳՆ–ին կարգադրել է անցանկալի անձ հայտարարել իրավապաշտպան Օսման Քավալային ազատելու կոչ արած 10 երկրի դեսպաներին։
Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը։ Հիմնադրամը մասնավորապես աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնություններին ուղղված նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, այդ թվում թուրք և հայ բնակչության հաշտեցման և քրդական հարցի խաղաղ լուծման վերաբերյալ։
2020 թվականի փետրվարին Թուրքիայի դատարանը Քավալային արդարացրել էր 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում բողոքի ցույցերի մասին գործով կառավարությանը գահընկեց անելու փորձին առնչություն ունենալու մեղադրանքով, սակայն նույն օրը Ստամբուլի դատախազությունը նրա կալանավորման համար նոր օրդեր էր տվել։ Քավալային նոր մեղադրանքներ էին առաջադրվել, այս անգամ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։