ՌԱԴԻՈ

Անվտանգության հարցն այլևս ակտուալ չէ՞. ինչը կարող է մարդկանց դուրս բերել փողոց

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ընդդիմության փողոցային պայքարից և նշել, որ պայքարի ելնելուց առաջ «Հայաստան» դաշինքը պետք է կարողանա գտնել այնպիսի հարցեր, որոնք հասարակական ընդվզում կառաջացնեն։
Sputnik
Հանրահավաքներն ու փողոցային պայքարը չպետք է կրեն ձևական բնույթ։ Մարդկանց փողոց դուրս բերելուց առաջ անհրաժեշտ է լրջորեն մտածել` ինչպես հասարակության որոշ շերտերի իրական պայքարի մեջ ներգրավել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադառնալով ԱԺ «Հայաստան» դաշինքի` փողոցային պայքարին վերադառնալու հայտարարություններին։
«Պետք է խթաններ գտնել, որոնք հասարակության այս կամ այն անդամին կշահագրգռեն ոչ միայն դուրս գալ փողոց, այլև որոշակի գործողություններ իրականացնել»,- ասաց նա։
Բադալյանի կարծիքով` ցանկացած հանրահավաքից առաջ պետք է ուսումնասիրել հասարակության որոշակի զանգվածների հետաքրքրությունների շրջանակը, հասկանալ, որոնք են այն հիմնական հարցերը, որոնք մարդկանց կարող են մղել որոշակի գործողությունների։ Նրա խոսքով` այս պահին էլ կան այդպիսի հարցեր, դրանք սակավաթիվ են, բայց կան։
Հնարավոր է` ընդդիմությունը նոյեմբերի 9–ից առաջ էլ բողոքի ակցիաներ իրականացնի. Մինասյան
Թե որքանով է «Հայաստան» դաշինքը դրանց շուրջ մտածել, քաղտեխնոլոգը դժվարանում է ասել, միայն արձանագրում է, որ դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ն հանրահավաքային պայքարի բավականին լուրջ փորձ ունի։
Միաժամանակ Բադալյանը հիշեցնում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո կազմավորված «17+» շարժման մասին, որն այդպես էլ հասարակական լուրջ ընդվզում չառաջացրեց։
«Շատերին կարող է թվալ, որ անվտանգության հարցը խիստ ակտուալ է, բայց հուզական հայտարարությունները, ինչպես, օրինակ, ադրբեջանական զորքը 4-5 ամիս է` չի հեռանում ՀՀ տարածքից, միգուցե այլևս ակտուալ չէ։ Միգուցե ուրիշ հարցեր պետք է բարձրացնել, որոնք ավելի ակտուալ են, քան անվտանգության հարցը»,- նշեց Բադալյանը։
Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քաղաքապետարանին տեղեկացրել է նոյեմբերի 9-ին և 10-ին, ժ.18.00-20.30 Ազատության հրապարակում հավաքների անցկացնելու մտադրության մասին:
Քաղաքապետարանն իրազեկումն ընդունել է իր գիտություն։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեղեկացրել էր, որ վերսկսում են փողոցային պայքարը։