ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում յոթ ռուս զբոսաշրջիկ է ձերբակալվել՝ անտառը հրդեհելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Գլխավոր հյուպատոսությանը։
«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հոկտեմբերի 23-ին Անթալիայի շրջակայքում «Լիկիական արահետ» երթուղով արշավ իրականացնող ռուս զբոսաշրջիկների խմբի ձերբակալման փաստը: Տեղական ոստիկանական վարչությունում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի յոթ քաղաքացիներ ձերբակալվել են Չագլարջայի շրջանում անտառային զանգված հրկիզելու կասկածանքով: Տեղական օրենսդրության համապատասխան` իրավապահ համակարգի աշխատակիցները երդվյալ թարգմանչի ներգրավմամբ արձանագրություն են կազմել գործով կասկածյալների և վկաների ցուցմունքների վերաբերյալ»,-ասել է Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։
Նրա խոսքով` դիվանագիտական ներկայացուցչությունը տեղական իշխանություններին հարցում է ուղարկել՝ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման փաստի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տրամադրելու և ձերբակալվածների համար հյուպատոսական հասանելիություն ապահովելու պահանջով:
Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը նշել է նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությունը հետևում է, որ քննչական և դատական միջոցառումների ընթացքում պահպանվեն դատավարական նորմերը։