ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը պատրաստվում է նոյեմբերին հանրահավաքներ կազմակերպել։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Երևանի քաղաքապետարանին տեղեկացրել է նոյեմբերի 9-ին և 10-ին՝ ժ.18.00-20.30 Ազատության հրապարակում հավաքների անցկացնելու մտադրության մասին:
Քաղաքապետարանն իրազեկումն ընդունել է իր գիտություն։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը տեղեկացրել էր, որ վերսկսում են փողոցային պայքարը։
«Մենք երբեք էլ չենք հրաժարվել փողոցային, հանրահավաքային պայքարից և խորհրդարան անցնելուց հետո բազմիցս հայտարարել ենք այդ մասին»,- ասել էր նա։ Նա նաև տեղեկացրել էր, որ քննարկումներ ու հանդիպումներ են անցկացվում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։