ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն, «Ռոջեր Գրեյսի ակադեմիայի» հիմնադիր Ռոջեր Գրեյսին Հայաստանում է։ Նա մասնակցել է Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողովին» ու զրուցել է գագաթնաժողովի կազմակերպիչ, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Գրեյսին նշել է, որ ուրախ է Հայաստան այցի և նման միջոցառմանը մասնակցելու համար։
«Սա իմ առաջին այցն է Հայաստան։ Այն ամենը, ինչ տեսել եմ, ուղղակի հիասքանչ է»,- ասել է հանրահայտ մարզիկը։
Նրա կարծիքով՝ նման միջոցառումները գաղափարներ քննարկելու և այդտեղից ավելի լավ մտքերով ու լուծումներով հեռանալու միակ ճանապարհն են՝ հանուն ավելի լավ աշխարհ ունենալու։ Վստահ է, որ նման աշխարհի հասնելու միակ ճանապարհը համատեղ աշխատելն է։
«Քանի դեռ մենք կլինենք տարանջատված՝ մութ ժամանակներում կապրենք։ Միայն միավորվելով ու համատեղ աշխատելով կկարողանանք ավելի լավ աշխարհ ունենալ»,- նշել է Գրեյսին։
Մարզիկը խոսել է նաև ջիու-ջիթսուի մասին՝ նշելով, որ իր ընտանիքն ինչ-որ առումով հեղափոխություն է արել այս մարտարվեստում։ «Իմ ընտանիքը փոխել է այդ մարտարվեստի ձևը՝ այն ավելի ոչ ագրեսիվ դարձնելով։ Իմ պապը ցանկացել է ցույց տալ, թե ջիու-ջիթսուն ինչքան կարևոր է աշխարհի, մարդկանց համար»։
Բրազիլական ջիու-ջիթսուն մարտարվեստ է և միջազգային սպորտային մենամարտ, որի հիմքում ընկած են պարտեր ըմբշամարտը, ինչպես նաև ցավային և խեղդող հնարքները։
Նշենք, որ «Մտքերի հայկական գագաթնաժողովն» անցկացվում է Հայաստանում արդեն երրորդ անգամ։