ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով եղել է Սյունքիի մարզում։ Facebook-ի իր պաշտոնական էջում նա տեղեկացրել է, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի այցելել է Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։
«Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։ Ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա գարնանը, ինչի արդյունքում Սյունիքի մարզում կունենանք ճանապարհային հաղորդակցության լիովին նոր համակարգ»,- նշել է Պապիկյանը։
Հիշեցնենք, որ հիմնովին ասֆալտապատվում է Կապան–Տաթև ճանապարհը։ Պապիկյանի համոզմամբ՝ այս ճանապարհն ավելի երթևեկելի կդառնա։ Միակ խնդիրը, նրա խոսքով, կարող է ծագել Տաթևի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում։ Բայց կառավարությունը նաև այս ճանապարհին է այլընտրանք կառուցելու` Տաթև–Լծեն ուղղությամբ։
Սյունիքում ծրագրված է նաև նոր, այլընտրանքային ու անվտանգ ճանապարհներ կառուցել Տաթևից դեպի Բարձրավան, Շուռնուխ, Ճակատեն ու Որոտան գյուղեր։
Հավելենք, որ Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք՝ «Տաթև» տարանցիկ ճանապարհի կառուցմանը մասնակցելու է նաև իրանական կողմը։ ՀՀ փոխվարչապետի դիտարկմամբ` ճանապարհաշինական այս ծրագրերի իրականացման արդյունքում Հայաստանն Իրանի հետ կապող ճանապարհն ավելի անվտանգ ու ապահով կդառնա։