Հունվարի 1-ից Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը Մասնագետները հորդորում են ավելի շատ գործածել բազմակի օգտագործման տոպրակներ։ Հունվարի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում պոլիէթիլենային տոպրակների վաճառքը կարգելվի օրենքով, հիշեցնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Օրենքի նպատակը բնապահպանական խնդիրները մեղմելն է, քանի որ աղբավայրերում, բնության մեջ հայտնված պոլիէթիլենային տոպրակների քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք, իսկ այդ ընթացքում նաև կենդանական աշխարհն է տուժում։
Հունվարի մեկից հայաստանյան մանրածախ առևտրի կետերում այլևս չեն առաջարկի 50 միկրոնից ցածր պոլիէթիլենային տոպրակներ, կթույլատրվեն միայն կշռափաթեթավորման համար նախատեսված առանց բռնակների պարկերը։ Չեն արգելվելու նաև երկրորդային հումքից պատրաստված տոպրակները։
Մասնագետները հորդորում են կիրառել բազմակի օգտագործման տոպրակներ։ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելն արդեն որոշ տնտեսվարողներ անցել են այլընտրանքային թղթե տոպրակների, փոքր արտադրողներն էլ կտորե պայուսակներ են կարում։