ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Տեղական ժամանակով ժամը 21։04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17։04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱԻն հաղորդմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երկրաշարժի հետևանքով ավերածություններ Հայաստանի տարածքում չկան։
Հավելենք, որ Facebook -ի մի շարք օգտատերեր ահազանգում են, որ երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաքի տարբեր հատվածներում։