ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում հետաքրքիր փաստեր է ներկայացրել։
Հայաստանում 1995թ.-ից պոլիոմիելիտ հիվանդությունը չի արձանագրվել։ Թորոսյանը հիշեցնում է՝ նախկինում այս հիվանդությունը տարեկան առնվազն 2-3 երեխայի հաշմանդամության պատճառ էր դառնում:
«2002թ.-ին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր և առ այսօր, շնորհիվ պատվաստումների բարձր ցուցանիշի, հաջողությամբ պահպանում է այդ կարգավիճակը»,- նշում է առողջապահության նախկին նախարարը։
Պարզվում է՝ տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն աշխարհում գրեթե վերացել է. վայրի պոլիովիրուսի շրջանառությունը շարունակվում է միայն Աֆղանստանում և Պակիստանում։
Թորոսյանը նաև համառոտ տեղեկություններ է ներկայացրել հիվանդության մասին։ Պոլիոմիելիտը բարձր վարակելիությամբ վիրուսային հիվանդություն է, որը ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։
2019թ.-ի փետրվարից Հայաստանը փոխարինել է կենդանի բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութը ինակտիվացված պատվաստանյութով՝ վեցավալենտ պատվաստումների մեկ դեղաչափի ներդրմամբ։ Դրա շնորհիվ այն միանգամից պաշտպանում է 6 հիվանդություններից` դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեմոֆիլիա Բ, հեպատիտ Բ և պոլիոմիելիտ: