Ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են Կոռնիձոր գյուղի բնակչի 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ

Անհրաժեշտ է Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծել և Ադրբեջանի ԶՈւ ծառայողներին հեռացնել ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ։ Այս մասին ահազանգ է ստացել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ ըստ ահազանգի՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում:
Ինչո՞ւ չենք պահանջում Սև լճից ադրբեջանցիների հեռանալը. պատասխանում է Արմեն Գրիգորյանը
«Կենդանիներին գերեզմանոցի հարակից արոտավայրում արածեցնող քաղաքացին նկատել է, որ ադրբեջանական երկու զինված ծառայողներ իրենց դիրքերից իջել և գալիս են դեպի իր կենդանիները, մոտենալուն պես կենդանիներին քշել-տարել են դեպի իրենց դիրքեր: Այս հանգամանքները, ինչպես նաև այն, որ ադրբեջանական զինծառայողները հափշտակել են հենց նշված քանակի կենդանիներ, ստուգվել են մի քանի աղբյուրների տվյալներով»,- նշված է ՄԻՊ գրառման մեջ։
Այն տեղանքի քարտեզը, որտեղ ադրբեջանցիները հափշատակել են 107 ոչխար և 5 այծ
Կոռնիձորի բնակիչը դեպքից րոպեներ անց այդ մասին տեղեկացրել է համայնքային մարմիններին: ՄԻՊ տեղեկություններով՝ դեպքից գրեթե անմիջապես հետո ժամանել ու տեղում ուսումնասիրություններ են իրականացրել ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայողները, ներկայում ձեռնարկում են համապատասխան քայլեր:
ՄԻՊ աշխատակազմը վերծանել է ահազանգի հանգամանքները, ըստ որոնց ՀՀ քաղաքացու սեփականության հափշտակությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքից: Պաշտպանը նաև կից քարտեզ է հրապարակել։
Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիները մեծ ապաստարաններ են կառուցել
Թաթոյանը պնդում է՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցագործության ահազանգը միջազգային հարթակներում պետք է դրվի Ադրբեջանի նկատմամբ մեր պետության պահանջների հիմքում:
«Մարդկանց պատճառվող առանձնապես խոշոր չափերի հասնող վնասների հատուցումը կլինի ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ապահովման կարևոր երաշխիք»,- շեշտում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ համայնքի վրա․ ՄԻՊ
Նրա խոսքով՝ ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն անվտանգության խնդիրներին ավելացնում են սոցիալականը, մարդկանց զրկում են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից։
Ընդգծում է՝ այս ամենի սնուցման աղբյուրը մեկն է՝ ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը:
«Պետք է անհապաղ սկսվի Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու և ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարևանությունից, համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթաց»,- շեշտում է պաշտպանը։
Հայկական կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են կրակող ադրբեջանցուն. տեսանյութ
ՄԻՊ այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:
Կատարվածի մասին պաշտպանը համապատասխան հաղորդումներ կուղարկի նաև միջազգային կառույցներին ու ՀՀ պետական մարմիններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
Հավելենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։