Սերժ Սարգսյանի եղբորորդու դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացվել

Նարեկ Սարգսյան
Նարեկ Սարգսյանը, որը Չեխիայում թաքնվել էր Ֆրանկլին Գոնսալես անվան տակ, մեղադրվում է մի շարք հոդվածներով, 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել և՛ դատախազությունը, և՛ պաշտպանական կողմը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Համաձայն բողոքի՝ դատախազությունը Վերաքննիչից պահանջում է պատիժ նշանակել 7 տարվա ազատազրկմամբ։ Պաշտպանական կողմն էլ իր ներկայացրած բողոքում նշում է, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, նշանակվի հնարավորինս մեղմ պատիժ և սահմանվի փորձաշրջան։

Վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձնվել էր Հայաստան և կալանավորվել։ Նա թաքնվում էր Չեխիայում` Ֆրանկլին Գոնսալես անվամբ։ Միջազգային հետախուզման մեջ գտնվող Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։
Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 38-131 հոդվածի 2-րդ մասին 1-ին, 2-րդ , 3-րդ և 7-րդ մասերով (մարդուն առևանգելը) նախատեսված արարքների կատարման մեջ։ Նա 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել, բայց քանի որ մինչ դատավճիռը նա արդեն իսկ գտնվում էր անազատության մեջ, պատիժը կրում է 3 տարի 6 ամիս ժամկետով։
Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազությանը