ՀԱՊԿ ուժերը ոչնչացրել են սահմանը հատած «գրոհայիններին»․ Տաջիկստանում զորավարժություններ են

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կարծում է, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՈւ) պատրաստ են կատարելու ցանկացած մարտական խնդիր:
Sputnik
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերն ավարտել են պայմանական գրոհայինների ոչնչացման գործողությունը, որոնք փորձել են ներթափանցել պետության տարածք զորավարժությունների եզրափակիչ փուլի ընթացքում:
Զորավարժություններն անցկացվել են տաջիկա-աֆղանական սահմանի մոտ։ ՀԱՊԿ ԱԱՈւ զորավարժությունների ակտիվ փուլը տեղի է ունեցել այսօր։
«Էշելոն», «Որոնում» և «Փոխգործակցություն» վարժանքները սկսվել են հոկտեմբերի 18-ին ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2021» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում: Ընդհանուր առմամբ մասնակցել է 4 հազար զինծառայող Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և գործարկվել է ավելի քան 500 միավոր տեխնիկա:
Հայ-ռուսական միացյալ զորախումբը զորավարժություններ անցկացրեց Սյունիքում. տեսանյութ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրագրողներին ասել է` զորավարժությունները ցույց տվեցին զինծառայողների և իրավապահ մարմինների մասնագիտական գործողությունները, փոխգործակցության և կառավարման լավ մակարդակը:
«Մշակվել են ահաբեկչական խմբերի ոչնչացման հարցեր, որոնք իրապես գոյություն ունեն և սպառնալիք են ինչպես մեր երկրների, այնպես էլ հենց Աֆղանստանի համար», - ավելացրել է նա։
Զասի խոսքով՝ զորավարժությունները հաստատում են, որ արագ արձագանքման հավաքական ուժերն իրապես պատրաստ են կատարել մարտական ցանկացած խնդիր:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: