Բերքաբերը Տավուշի մարզի հնագույն բնակավայրերից է: Գյուղը դեռևս 11-րդ դարում կոչվել է Ճոխազ, որը տարիների ընթացքում դարձել է Ջողազ: Բերքաբեր անվանումն ստացել է 1978-ին՝ բերքառատ այգիների շնորհիվ։ Այդ այգիները, սակայն, 1990-ականների պատերազմի ժամանակ անցան թշնամու հսկողության տակ, իսկ դրանք ավելի քան 1000 հա որակյալ խաղողի և պտղատու այգիներ էին:
Գյուղի տարածքում 1980-ին կառուցվել ու շահագործման է հանձնվել Ջողազի կամ Բերքաբերի ջրամբարը՝ ավելի քան 43 մլն խորանարդ մետր ջրատարողությամբ, որը ոռոգում է գրեթե 10․000 հա հողատարածք։ Ջրամբարը խորհրդային տարիներին ամբողջությամբ եղել է Հայաստանի տարածքում՝ ավելի քան 2 ք/կմ տարածքով, բայց պատերազմի ժամանակ թշնամին այստեղ ևս առաջ է եկել և տիրացել ջրամբարի արևելյան ափին՝ փաստացի կիսելով դրա ռեսուրսները։
Ստացվում է՝ հիմա Ադրբեջանի ձեռքին է ՀՀ Բերքաբեր համայնքին իրավականորեն պատկանող ավելի քան 1000 հա ցամաքային և 1ք/կմ ջրային տարածք։
Ի՞նչ վնաս է տվել բերքաբերցիներին ջրամբարի մի մասի և մշակովի հողատարածքների կորուստը։ Նաիրի Հոխիկյանը տեղում զրուցել է Բերքաբերի բնակիչների հետ։