ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Նորվեգիայի Թագավորությունը Հայաստանին «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութի 620 400 դեղաչափ է նվեր տվել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր։ Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և «Մոդեռնա» ընկերությանը համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար»,- գրել է նա։
Նախարարը հայտնել է նաև, որ նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:
Հիշեցնենք՝ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 50 հազար դեղաչափ, Հայաստանին էր փոխանցել Լիտվայի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում: Պատվաստանյութի փոխանցման արարողությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ի երեկոյան Վիլնյուսի օդանավակայանում, երբ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում էր Հայաստան: