ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիության ղեկավարները գագաթնաժողովում քննարկել են միության արտաքին սահմաններին արգելափակոցների կառուցման հարցը։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նրանք համակարծիք են եղել, որ պատերի և պատնեշների կառուցումը չպետք է ֆինանսավորվի ԵՄ ընդհանուր բյուջեից, գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նշենք, որ Բելառուսի տարածքով դեպի Բալթյան երկրներ և Լեհաստան անօրինական միգրանտների մեծ ներհոսքի պատճառով այս պետություններն ակտիվորեն պատեր են կառուցում եվրոպական արտաքին սահմաններին։ Նախաձեռնվել են քննարկումներ, որ այդ պատնեշների կառուցումը պետք է ֆինանսավորվի Եվրամիության միջոցներից։
«Այս թեմայով քննարկումը կայացել է։ Մենք, ինչպես Եվրահանձնաժողովում, այնպես էլ Եվրախորհրդարանում, համակարծիք ենք, որ փշալարերով ցանկապատերի կամ պատնեշների կառուցումը չպետք է ֆինանսավորվի ԵՄ բյուջեից»,- ասել է ֆոն դեր Լայենը։
Նշենք, որ հիմա Բելառուսի և Լեհաստանի սահմանին փշալարերով ժամանակավոր պատնեշ է տեղադրված: Ինչպես պարզաբանել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին՝ Բելառուսի հետ սահմանին մշտական պարիսպ կկառուցվի, որը կունենա նաև շարժման արձանագրման հատուկ համակարգ։ Նախնական տվյալներով ՝ նախագծի իրականացումը լեհական գանձարանի համար կարժենա 1,615 միլիարդ զլոտի (ավելի քան 400 մլն դոլար):