ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 33–ամյա կալանավոր է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` 1988թ. ծնված Ա. Ս.-ի ինքնազգացողությունը հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ վերջինիս է այցելել հիմնարկի բժիշկը, սակայն րոպեներ անց՝ ժամը 11։35-ի սահմաններում, արձանագրվել է Ա. Ս.-ի կենսաբանական մահը։
ՔԿԾ-ից հայտնում են, որ Ա. Ս.-ն կալանավորվել էր 2021թ. սեպտեմբերի 4-ին, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի առանձնապես խոշոր չափերով մաքսանենգություն) և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ազատազրկման վայրերում կամ կալանավայրերում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, ապօրինի իրացումը) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:
Ա. Ս.-ն Ֆրանսիայի քաղաքացի էր։
ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի կապակցությամբ քրեակատարողական ծառայողների գործողություններում հնարավոր կարգապահական խախտման հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի հանձնարարությամբ իրականացվում է ուսումնասիրություն։