ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ–ն դիմել է դատարան` ընդդեմ Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատի, Ռուսաստանում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ի ու ՀՀ վարչապետի աշխատակազմի։
Datalex.am դատական տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ ընկերությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Զանգեզուրի կոմբինատի բաժնետոմսերի նվիրատվության մասին վարչապետի աշխատակազմի հետ կնքված գործարքը և կիրառել անվավերության հետևանքներ։ Մինչ այս հայցը, ի դեպ, «Զանգեզուր մայնինգն» արդեն դիմել էր դատարան, ընդ որում` մինչ գործարքի մասին հայտնի դառնալը` 2021 հուլիսի 7-ին։
Առկա տեղեկատվության համաձայն՝ ընկերության հայցն ուղղված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և «Ամերիաբանկի» դեմ։ «Զանգեզուր մայնինգը» դատարանից պահանջում է վերջիններից հետ վերցնել իր բաժնետոմսերը և դրանք սեփականությա իրավունքով հանձնել իրեն` փոխանցելով իր սեփական հաշվին։ Այս հայցն արդեն ընդունվել է վարույթ։ Դատավարության մեկնարկը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ս.թ. նոյեմբերի 12-ին։
Նշենք, որ ըստ պետռեգիստրի պաշտոնական կայքի, «Զանգեզուր մայնինգի» սեփականատերերը Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը, կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը, կոմբինատին պատկանող մեկ այլ գործարանի` AMP-ի նախկին տնօրեն Կարեն Հակոբյանը և Գուրգեն Ամբարյանն են։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։ Դե, իսկ քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։
Հետաքրքրական է, որ «Արդյունաբերական ընկերությունը» նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։ Բանն այն է, որ իրականում այն բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։
Պարզվում է նաև, որ այս ընկերությունն իր հերթին պատկանում է կոմբինատի բաժնետեր «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը։
Նշենք, որ, համաձայն ՌԴ պետռեգիստրի կայքում առկա տեղեկատվության, «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը գրանցվել է 2017թ–ի դեկտեմբերի 12-ին։ Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ 2017-2019թթ–ին ունեցել է 1 աշխատակից, 2020թ–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 0։ «Արդյունաբերական ընկերության» գործադիր տնօրենը Վիկտորյա Սալդատովան է։
Ավելի ուշ, անդրադառնալով հիշյալ գործարքին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ռուսական այդ ընկերությունը կառավարության հետ գործարքի դիմաց ստանձնել է ՀՀ–ում պղնձաձուլական գործարանի կառուցման պարտավորություն և բանակցություններ է վարում ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցելու շուրջ։