ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. «ԱԼՄ հոլդինգ»-ի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը մահացել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Կարապետյանի փեսան` Արտակ Մուրադյանը:
Նրա տեղեկացմամբ` Տիգրան Կարապետյանը մահացել է մոտավորապես կես ժամ առաջ` 19։20–ի սահմաններում։
Ավելի վաղ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Կարապետյանին երեկ` հոկտեմբերի 20–ին, շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երևանի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Տիգրան Կարապետյանն ու նրա կինը վարակվել էին կորոնովիրուսով, Կարապետյանը թեթև էր տարել, ապաքինվել էր։ Մոտ երկու շաբաթ անց նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։
Հավելենք, որ Տիգրան Կարապետյանը 76 տարեկան էր։