ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի - Sputnik. Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի միջև կնքվել է մաքսային կարգավորման ոլորտում միջազգային մի շարք պայմանագրերի գործողության դադարեցման մասին արձանագրություն։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից։
ՀՀ ՊԵԿ նախագահը և ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատարն արձանագրություն են ստորագրել
© Photo : Avetis Ghazanchyan / official site of the State Revenue Committee of RA
Արձանագրության ստորագրման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված միջազգային պայմանագրերի արդիականության բացակայությամբ, քանի որ դրանցով կարգավորվող իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Եվրասիական տնտեսական միության իրավապայմանագրային բազայի շրջանակում, որոնցով էլ առաջնորդվում են ԵԱՏՄ անդամ պետությունները:
Արձանագրության ստորագրման նպատակը գույքագրման արդյունքում իրավական դաշտի արդիականացումն ու համապատասխանեցումն է գործող պահանջներին, նշված է հաղորդագրությունում։