ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Բրիտանացի բժիշկները պատմել են` ինչպես կարելի է ժամանակին բացահայտել շաքարախտը` թվարկելով 10 ախտանշան։ Հոդվածը հրապարակվել է «Դոկտոր Պիտեր» պորտալում։
Հաճախակի միզելու ցանկություն
Հաճախ միզելու պահանջը շաքարախտի ախտանշան է, որն անտեսել չարժե։
Միջինում մարդ օրական պետք է զուգարան գնա 4-7 անգամ։ Եթե ավելի հաճախ եք օգտվում զուգարանից, դա կարող է նշան լինել, որ ձեր երիկամները շատ ինտենսիվ են աշխատում արյան մեջ ավելորդ շաքարը դուրս բերելու համար։
Մշտական հոգնածություն
Շաքարային դիաբետ ունեցող հիվանդները հաճախ գանգատվում են հոգնածությունից և թուլությունից։ Նրանք սկսում են դժվարանալ կատարել սովորական գործերը, հաճախ են սպառվում ուժերը, իրենց կոտրված են զգում։
Մեծ ախորժակ
Եթե նկատել եք, որ սովորականից ավելի շատ եք ուտում, իսկ հագեցածության զգացում չեք ունենում նույնիսկ կուշտ ուտելուց հետո, դա կարող է շաքարախտի ազդանշան լինել։ Դուք չեք կարողանում հագենալ, քանի որ արյան մեջ շաքարը ճիշտ մակարդակի վրա չի պահպանվում։ Արդյունքում ուղեղն ազդանշան է ուղարկում, որ սոված է։
Ծարավի զգացում
Շաքարային դիաբետ ունեցողները ոչ միայն շատ են ուտում, այլև շատ են խմում։ Եթե ոչ մի կերպ չեք կարողանում հագեցնել ծարավը, դա ևս մտահոգիչ նշան է։ Բրիտանացի բժիշկները նախազգուշացնում են` եթե օրական 4 լիտր ջրից ավել եք օգտագործում, նշանակում է` արյան մեջ շաքարի մակարդակը շատ բարձր է։
Մշուշ աչքերի առաջ
Շաքարային դիաբետի ժամանակ տեսողությունը կարող է աղավաղվել։ Մարդուն թվում է, որ աչքերի առաջ մշտապես մշուշ է։ Սակայն բուժումը սկսելուն պես ամեն ինչ կկարգավորվի։
Վերոնշյալ բոլոր ախտանշանները սկսվող շաքարային դիաբետի ամենավաղ նշաններն են։ Սակայն կա ևս 5 ախտանշան, որոնք այդքան հստակ չեն արտահայտվում, սակայն պետք է հաշվի առնել. մաշկի հաճախակի ծակծկոց, քոր, վերքերն ու կտրվածքները սովորականից երկար են լավանում, մարդը սկսում է տառապել միզուղիների և խմորիչ վարակներով, չափազանց դյուրագրգիռ է դառնում։
Շաքարային դիաբետի ասիմպտոմ շրջանը կարող է տարիներ տևել, իսկ որոշ դեպքերում նաև տասնամյակներ, այդ պատճառով էլ այն վտանգավոր է։ Ախտորոշումը պարզելու ժամանակ ավելի քան 50 տոկոս հիվանդների մոտ արդեն իսկ աչքերի, երիկամների, նյարդային համակարգի հետ կապված բարդացումներ են զարգանում։