ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 20-21-ին Աջարաբեթի հարյուրավոր հայաստանցի օգտատերեր բջջային հավելվածում անցկացվող առցանց խաղարկությամբ շահել են հարյուրավոր Iphone-13 հեռախոսներ ու Maserati մակնիշի ավտոմեքենաներ։
Ուրախությունը, սակայն, երկար չի տևել, քանի որ իրենց շահումը ստանալու համար ընկերությանը դիմած քաղաքացիներին հայտնել են, որ տեխնիկական խնդիր է տեղի ունեցել, և շահումներն իրական չեն։
«Եթե տեխնիկական խնդիր է եղել, ինչու կայքը չի արգելափակվել, ինչու մարդկանց չեն հայտնել, որ շահումներն իրական չեն, որ մարդիկ իզուր գումար ու ժամանակ չվատնեին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց օգտատերերից Արմեն Արիստակեսյանը, որը շահել է 1 Maserati մակնիշի ավտոմեքենա և բազմաթիվ Iphone–ներ։
«Կարևորը շահումը չէ, այլ այն, որ մարդկանց, կներեք արտահայտությանս, էշի տեղ են դնում։ Կարծում են` կրքերը կհանդարտվեն, մարդիկ կմոռանան, կանցնի, կգնա, իրենք էլ կշարունակեն նույն ձևով խաբել մարդկանց։ Բայց ես հայտարարում եմ` այս անգամ չի ստացվելու»,– ասաց նա` հայտնելով, որ խաբված օգտատերերին առաջարկել է ընկերության դեմ դատական հայց ներկայացնել, ու իր այդ առաջարկին արդեն շուրջ 50 մարդ է միացել։
Արիստակեսյանը նաև հայտնեց, որ բազմաթիվ զանգերից հետո ի վերջո կարողացել է կապվել ընկերության գրասենյակի հետ, որտեղ իրեն ասել են, որ հարցերի պարզաբանման համար կարող է այցելել գրասենյակ։
«Հիմա եկել եմ, իսկ գրասենյակի դուռը փակ է։ Մեզ կանչում են` իրենք դուռը չեն բացում»,– ասաց նա։
Արմեն Արիստակեսյան
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ Sputnik Արմենիային նույնպես չհաջողվեց կապ հաստատել ընկլերության հետ։ Մեր բազմաթիվ զանգերին «Աջարաբեթից» ոչ ոք չպատասխանեց։
Հավելենք, որ «Աջարաբեթը» Հայաստանում ներկայացված է «Կաբարկո» ընկերության միջոցով, որն ի սկզբանե չունենալով ոչ մի գրասենյակ, 2018թ–ին վճարել է 655, 6 մլն դրամի, 2020–ին` 1 մլրդ 743 մլն դրամի, իսկ 2021–ի հունվար–սեպտեմբերին արդեն` 2 մլրդ դրամի հարկ։ ՊԵԿ տվյալներով` «Կաբարկո»–ն ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում 77-րդն է։