ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Երևանի 37 սուպերմարկետում և խախտումներ հայտնաբերել

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Երևանի 37 սուպերմարկետում
Ստուգայցերի արդյունքում ՍԱՏՄ տեսուչները 12 արձանագրություն են կազմել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) կորոնավիրուսի դեմ սահմանված միջոցառումների վերահսկման նպատակով ստուգայցեր է իրականացրել Երևանի խոշոր խանութներում։ Տեղեկությունը հրապարակվել է ՍԱՏՄ–ի ֆեյսբուքյան էջում։
«37 սուպերմարկետում անցկացված վերահսկողությունից հետո կազմվել է 12 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չդնելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյանները չունենալու հիմքով»,- գրված է հաղորդագրության մեջ։
Կառույցից ընդգծում են, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ 100-ից 300 հազար դրամ տուգանք, եթե խախտումը կրկնվում է, 150-ից 500 հազար դրամ:
Քանի՞ մարդ է Երևանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջները մի քանիսն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է դիմակ դնեն, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
ՍԱՏՄ-ն ստուգայցերն իրականացրել է հոկտեմբերի 19-ի երեկոյան, դրանք կշարունակվեն նաև այսօր:
2066 նոր դեպք, 28 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում