Մոսկվայում կայացել է Գրիգորյանի, Օվերչուկի և Մուստաֆաևի եռակողմ հանդիպումը

Կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը:

«Ս.թ. հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կողմերն անցկացրել են եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասը, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, քննարկվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցություններից հետո հայտարարվեց երեք երկրների փոխվարչապետների ղեկավարությամբ աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
Ստեղծվել են հետևյալ փորձագիտական ենթախմբերը՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների գծով, փոխադրումների ապահովման հարցերով (ներառյալ անվտանգությունը), սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլն:
ՌԱԴԻՈ
Ավելի շատ սպառնալիքներ Հայաստանի համար, քան օգուտ. տնտեսագետը` ապաշրջափակման մասին
Նշենք, որ հանձնաժողովի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր սահմանին իրավիճակի սրման պատճառով, սակայն վերջերս եռակողմ ձևաչափով հանդիպումները վերսկսվել են։