Խոշոր հարկատուները չեն փոխվում. ՊՆ–ն ու ԱԱԾ–ն առաջատարների շարքում են

ՊԵԿ-ը վերջերս հանդես էր եկել առաջարկությամբ` ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկից պետական և համայնքային կառավարչական հիմնարկները հանելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանյան խոշոր հարկատուների ցանկը 2021թ–ի երրորդ եռամսյակի տվյալներով գրեթե չի փոխվել։ Դրանում դարձյալ առաջին տեղերում հանքարդյունաբերողներն են, պետական խոշոր կառույցները, ծխախոտի բիզնեսի ներկայացուցիչներն ու վառելիքի շուկայում գերիշխողները։
2021թ․–ի առաջին եռամսյակի 10 խոշոր հարկատուները
Այսպես. ինչպես և 2021-ի նախորդ երկու եռամսյակներում, խոշոր հարկատուների ցուցակի առաջատարը «Գազպրոմ Արմենիան» է, որը 9 ամսում պետական բյուջե 38 266 412 000 դրամ է մուտք արել, երկրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 38 249 247 000 դրամ մուտքերով, երրորդը` ՀՀ պաշտպանության նախարարությունն է` 34 194 185 000 դրամով։
Երկրորդ եռյակում Սոթքի հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը, «Մասիս Տոբակն» ու «ՄՏՍ Հայաստանն» են։ Երրորդ եռյակը բաղկացած է «Թեղուտ», «ՍիՓիԷս օիլ» և «ֆլեշ» ընկերություններից։
Խոշորներ հարկատուների տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը։
5 ամսում հավաքվել է 618.4 մլրդ դրամի հարկ, որից 68.6 միլիարդը վերադարձվել է հարկատուներին
Նշենք, որ նախարարություններից խոշոր հարկատուների ցանկում են նաև ԱԳՆ–ն` 701 մլն մուտքերով, Ֆինանսների նախարարությունը (624.7), Էկոնոմիկայի նախարարությունը (509.4 մլն), Առողջապահության նախարարությունը (501,4 մլն), ԿԳՄՍՆ–ը (373,2 մլն), Արդարադատության նախարարությունը (370,9): Իսկ, օրինակ ՊԵԿ–ը 9 ամսում 3 383 134 000 դրամի հարկային մուտքեր է վճարել, ԱԱԾ–ն` 3 294 788 000 դրամ։
Խոշոր հարկատուներ են նաև բանկերն ու ֆինանսական այլ կազմակերպությունները, բժշկական կենտրոնները։
Ճգնաժամային տարվա բյուջեն 89 %-ով ապահովել են ՀՀ հարկատուները
Հիշեցնենք` ՊԵԿ-ը վերջերս հանդես էր եկել առաջարկությամբ` ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկից պետական և համայնքային կառավարչական հիմնարկները հանելու վերաբերյալ։ Բանն այն է, որ, ըստ ՊԵԿ հիմնավորման, այս կառույցներն իրականում ոչ թե բյուջետային մուտքեր են ապահովում, այլ բյուջեից ստացած ֆինանսավորման մի մասը` հարկերի տեսքով, դարձյալ վերադարձնում են բյուջե։
Եթե կառավարությունն ընդունի ՊԵԿ–ի առաջարկը խոշոր հարկատուների ցանկում առաջիկայում կտեղադրվեն միայն ռեալ տնտեսվարողներն ու հարկ վճարողները։