Կառավարությունը չի դադարեցնի անհետ կորածների ընտանիքների ֆինանսական աջակցությունը

ՊՆ–ն առաջարկում է դրամական օգնության տրամադրման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս և շարունակել մինչև 2022թ–ի հունվար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Կառավարությունը չի դադարեցնի արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքների աջակցությունը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել դրամական աջակցությունների ժամկետը մինչև այս տարեվերջ երկարաձգելու առաջարկով։
ՀՀ ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են գերությունից երեկ վերադարձած տղաներին
Համապատասխան որոշման նախագիծն այսօր հրապարակվել է իրավական նախագծերի հրապարակման e-draft.am հարթակում։
Բանն այն է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 9 ամիս ժամկետով ամսական 300 000 դրամ վճարելու մասին։ Այս որոշմամբ, փաստորեն աջակցությունների տրամադրումը ս.թ. հոկտեմբերի 1-ով դադարեցվում է։ Ընդ որում, 9-ամսյա ժամկետը սահմանվել էր այն նպատակով, որ մինչ դրա լրանալը չհայտնաբերված զինծառայողների հարազատները հնարավորություն ունենան անհայտ բացակայողի կարգավիճակը հաստատել դատական կարգով։
Կառավարությունը տեղյա՞կ էր 5 գերիի վերադարձի մասին. Փաշինյանի օգնականի պատասխանը
Այդուհանդերձ, ՊՆ–ն հայտնում է, որ 19.10.2021թ. դրությամբ միայն 85 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում: Մինչդեռ նրանց իրական թիվը շատ ավելին է. Քննչական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով` 224 զինծառայող և 22 քաղաքացիական անձ։ Այս հանգամանքը հաշվի առնելով` ՊՆ–ն առաջարկում է դրամական օգնության տրամադրման ժամկետը 9 ամսվա փոխարեն սահմանել 12 ամիս և շարունակել մինչև 2022թ–ի հունվար:
ՔԿ–ն 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների և անհետ կորածների նոր թիվ է հրապարակել
ՊՆ–ում նաև վստահ են, որ այս փոփոխությամբ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին հնարավորություն կընձեռնվի այդ լրացուցիչ ժամկետում դատական կարգով անհայտ բացակայող ճանաչել պատերազմից չվերադարձած իրենց հարազատներին։