«Հավատարիմ ենք քաղաքական ուղեգծին». Փաշինյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

ՀՀ վարչապետը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրող մի շարք հարցադրումների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները և ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարական բարեփոխումների քաղաքական ուղեգծին, շարունակելու ենք այդ ուղեգիծը և ուրախ ենք, որ այդ ճանապարհին կարող ենք հույս դնել Եվրոպայի խորհրդի աջակցության վրա»,– ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` ԵԽ-ն ժողովրդավարության ոլորտում Հայաստանի կարևոր գործընկերներից է 2000 թվականից:
«Կարծում եմ, որ մենք այս դժվար ժամանակաշրջանում, հատկապես ժողովրդավարության առումով ունենք կոնկրետ ձեռքբերումներ։ Եվրոպայի խորհրդին մեր անդամակցության առաջին օրերից մինչև 2018 թվականը անընդհատ արձանագրվել են անհաղթահարելի թվացող խնդիրներ մի շարք հարցերում»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ այժմ այդ խնդիրը հաղթահարված է։
Նա ընդգծել է, որ առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունները կիրառվել են որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման գործիք։
«Եկել ենք հասկանալու». ՀՀ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին
Մարթեն Էհնբերգն էլ պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատականի համար և ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը: Նա նշել է, որ պատվիրակությունն արդյունավետ քննարկումներ է ունեցել հայաստանյան գործընկերների հետ և մտքերի փոխանակության ընթացքում արձանագրել այն առաջնահերթությունները, որոնք կարևոր են ԵԽ-Հայաստան 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի արդյունավետ իրագործման համար:
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ժողովրդավարական օրակարգի վերաբերյալ՝ խոսելով հակակոռուպցիոն, ընտրական, խոսքի ազատության, դատական, քրեակատարողական, ինչպես նաև այլ ոլորտների բարեփոխումների մասին: Փաշինյանն ընդգծել է՝ կառավարության նախաձեռնած բարեփոխումների արդյունքում հաջողվել է նշված ուղղություններով ստեղծել վերահսկողական արդյունավետ մեխանիզմներ:
Ադրբեջանական խախտումները՝ փաստերով․ ԵԽ ներկայացուցիչներին տվյալներ են ներկայացվել
Հանդիպմանը վարչապետը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրող մի շարք հարցադրումների: Դրանք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքների հաղթահարմանը, հումանիտար խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, կրթական բարեփոխման կարևորությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն: