ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տվյալները փաստում են, որ երկրում վարակը բավականին արագ է տարածվում։
Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը մամուլի ասուլիսում նշեց, որ չնայած թեստավորումները շատ են, սակայն դրանց արդյունքում դրական դեպքերի տոկոսը բավականին բարձր է։
«Նորման 3-5 տոկոսն է, իսկ մեզ մոտ 5-ից բարձր է, եղել է անգամ մինչև 16 տոկոս է հասել։ Հիվանդանոցներում այժմ ավելի շատ մարդ կա, քան անգամ պատերազմական իրավիճակում»,- նշեց Բադալյանը։
Նրա խոսքով՝ հիվանդանոցում բուժում ստանալու համար սպասում է մի քանի հարյուր մարդ, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում ճգնաժամային վիճակ է։ Մասնագետը շեշտեց, որ այս ամենը կարող է հանգեցնել անգամ տնային մահերի ավելացման։
Հայաստանը մահաբերության առումով առաջիններից է տարածաշրջանում
ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանն ասաց, որ պատվաստման գործընթացը ՀՀ-ում բավականին ինստենսիվ է, և առաջնային օղակի բուժհաստատություններում անգամ հերթեր են գոյանում։
«Կորոնավիրուսային հիվանդության 5-րդ ալիքի «առանձնահակությունն» այն է, որ գրանցվում է մահերի բավականին մեծ թիվ։ Տարածաշրջանում մահաբերության առումով առաջիններից ենք, ինչը վկայում է մեր երկրում տարածվող դելտա շտամի ագրեսիվ լինելու մասին»,- ասաց Տեր-Ստեփանյանը։
Այժմ հղիների հոսպիտլացման դեպքերի ավելացում է նկատվում
Մասնագետն ընդգծեց, որ ի տարբերություն նախորդ շտամի, այժմ հղիների հոսպիտալացման դեպքերի աճ կա։
Եթե մինչև մայիս հղի կանայք ռիսկի խմբի մեջ չէին մտնում, ապա դելտա շտամի տարածվելու հետ կապված իրավիճակը փոխվել է: Հղիության վաղ շրջանում կորոնավիրուսով վարակվելը կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության կամ վիժելուն։ Երկրում գրանցվել է նաև ներարգանդային թոքաբորբի դեպք։ Մասնագետը շեշտեց, որ այդ ամենը պատճառ է, որ պատվաստվեն նաև հղիները։ Տեր-Ստեփանյանը հորդորեց քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ դնել, ախտահանել ձեռքերը և հեռավորություն պահպանել։
Լոնգ COVID-ի ախտանշանները կարող են պահպանվել 3 ամիս և ավելի
Անդրադառնալով երկարատև COVID-ին (լոնգ COVID)՝ նա նշեց, որ հիվանդությունից 3 ամիս անց էլ պահպանվում են հին ախտանշանները, որոշ դեպքերում ի հայտ են գալիս նաև նորերը։
«Առավել հաճախ հանդիպող ախտանշաններից են մկանացավերը, հևոցը հոդացավերը, կոորդինացիայի խանգարումը, հիշողության անկումը, նյարդաբանական տարբեր խանգարումներ։ Այս ամենը բավականին երկար է պահպանվում, և վարակն ազդում է բոլոր օրգանների վրա՝ միզասեռական համակարգի, ինչպես նաև երիկամի ֆիլտրացիոն ֆունկցիայի և այլ խնդիրներ են առաջանում»,- նշեց Մերի Տեր-Ստեփանյանը։
Լոնգ COVID է համարվում անգամ այն, երբ թեստը բացասական է ցույց տալիս, սակայն ախտանշանները պահպանվում են։