ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 18-19-ին հանդիպումներ է ունեցել Մոսկվայում հայկական ու ռուսական տարբեր շրջանակների հետ, ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, կարիքներն ու ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում են պետնախարարի աշխատակազմից։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և մի խումբ անդամների, հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ առանձին հանդիպումներում Բեգլարյանը ներկայացրել է հետպատերազմյան վերականգնման աշխատանքներն Արցախում։
Բեգլարյանը կարևորել է Սփյուռքի շարունակական ընդգրկվածությունը հայրենիքի վերականգնման ու զարգացման գործում՝ շեշտադրելով, որ դա չպետք է արտահայտվի զուտ նյութական տեսքով, այլ նախ մարդկային կապիտալի ներդրմամբ:
Պատասխանելով Արցախի անվտանգության գործում ՌԴ խաղաղապահների երկարաժամկետ դերակատարությանն առնչվող հարցին՝ պետական նախարարը նշել է, որ առայսօր ՌԴ ակտիվ ու կառուցողական ջանքերը և խաղաղապահները ապահովում են շուրջ 120,000 բնակչության կենսագործունեությունն Արցախում:
Նա ընդգծել է, որ խաղաղապահների երկարաժամկետ ներկայության ու մանդատի հարցում գլխավոր գործոնը Արցախի բնակչության ցանկությունն է, որն առարկելիորեն հակված է խաղաղապահների ներկայության ժամկետի երկարաձգմանը:
Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական միջոցներով՝ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի անվերապահ ընդունման և ԱՀ անկախության միջազգային ճանաչման առաջնահերթություններով:
Պետական նախարարը հանդիպել է նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, նրա հետ քննարկել Արցախի բռնազավթված տարածքներում հայոց հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը և արցախցիների հոգևոր կյանքի ակտիվացմանն ու հոգեբանական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր: