84 տարեկան մարդու հեռանալը կյանքից, իհարկե, արտառոց երևույթ չես անվանի։ Սակայն հաշվի առեք՝ Փաուելը մահացավ կորոնավիրուսից, բայց բժիշկները հավաստիացնում են, որ նա երկու անգամ պատվաստվել էր։ Ճիշտ է, ԲիԲիՍի-ն փաստում է՝ փորձագետների կարծիքով, լուրերն այն մասին, որ պատվաստված մարդը այնուամենայնիվ վարակվել է կորոնավիրուսով, բոլորովին չպիտի զարմացնեն։ Այսինքն` թեև սա հազվադեպ, բայց հայտնի երևույթ է։
Միգուցե հենց դա է պատճառը, որ վերլուծաբանների գերակշիռ մասը ոչ թե մահվան պատճառին, այլ Փաուելի կյանքի հանգամանքներին է մանրամասն անդրադառնում։ Եվ այստեղ ծագում է այն սկզբունքային հարցը, որը մեզ մոտ էլ է անընդհատ քննարկվում անցած տարվա պատերազմից հետո՝ եթե իմ գործողությունները ահավոր հետևանքներ են ունեցել, արդյոք բավակա՞ն է, որ հրապարակավ ընդունեմ՝ այո՛, ե՛ս եմ պատասխանատուն, ե՛ս եմ մեղավորը։
Այս ոչ դյուրին հարցը Քոլին Փաուելին տանջել է ամբողջ կյանքի ընթացքում։ Պատճառը Իրաքում տեղի ունեցածն է։ Մոտ 20 տարի առաջ ԱՄՆ ղեկավարությունը որոշեց պատերազմ սկսել Իրաքի դեմ։ Կարելի է անվերջ վիճաբանել, թե իրականում ինչու կրտսեր Ջորջ Բուշը ամերիկացի տղաներին ուղարկեց հեռավոր մի երկիր, որի մասին այդ զինվորներից շատերը նույնիսկ գաղափար չունեին։ Ոմանք համոզված են, որ նավթը գայթակղեց Վաշինգտոնին, մյուսները ասում են, թե ամերիկացիները պարզապես ցանկանում էին կտրուկ ընդլայնել իրենց ազդեցությունը այդ կարևոր տարածաշրջանում, բայց բոլոր դեպքերում պաշտոնական վարկածը, երևի հիշում եք, սա էր։ Իրաքի երկարամյա առաջնորդ Սադամ Հուսեյնը քիմիական զենք ունի, որով կարող է ահաբեկել ողջ աշխարհը։ Սա, իհարկե, հենց պաշտոնական վարկածն էր։
Բայց որպեսզի աշխարհը հավատա այն պնդումներին, թե Սադամ Հուսեյնը զանգվածային բնաջնջման զենք է մշակել, անհրաժեշտ էր միջազգային հանրությանը շատ կոնկրետ ապացույցներ ներկայացնել։ Քոլին Փաուելի ազնվությունը որևէ մեկը կասկածի չէր ենթարկում, և ուրեմն հենց այդ մարդուն հանձնարարվեց բարդ առաքելությունը։
2003 թվականին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` Փաուելը գրպանից հանեց մի սրվակ և ցույց տվեց բոլորին՝ ակնարկելով, որ այս սրվակի մահաբեր պարունակությունն էլ բավարար է, որպեսզի լինեն մեծ թվով զոհեր։ Երևի տեսել եք այդ լուսանկարը, որը միլիոնավոր մարդկանց համոզել է՝ Սադամ Հուսեյնը իրոք քիմիական զենք է մշակել։ Մինչդեռ դա բոլորովին այդպես չէր։
Սրվակի մեջ իրոք թունավոր նյութ էր, բայց այն ամենևին կապ չուներ Սադամի հետ. ամերիկյան հետախուզության մասնագետներին այդպես էլ չէր հաջողվել արժանահավատ տեղեկություններ ստանալ քիմիական զենքի արտադրության ծրագրի մասին։ Իսկ բռնապետի մահից հետո ապացուցվեց՝ նման ծրագիր ընդհանրապես գոյություն չունի ու երբեք չէր էլ եղել։ Բայց համապատասխան տպավորությունն արդեն ստեղծված էր, ուրեմն նաև արդարացված էր համարվում իրաքյան պատերազմը։ Հետագայում Քոլին Փաուելը կասի. «Սա ամենամեծ բիծն է իմ կենսագրությունում»։
Թե ինչ եղավ հետո, բոլորը հրաշալի գիտեն։ Բռնապետական, բայց կայուն երկիրը պառակտվեց, սկսվեց միջհամայնքային հակամարտությունը, և ի վերջո Իրաքի տարածքում ձևավորվեց ամենադաժան կանոններով ղեկավարվող «Իսլամական պետությունը», որը գրեթե ամեն օր նոր տեսահոլովակներ էր հրապարակում, թե ինչպես են մահապատժի ենթարկում մարդկանց հերթական խմբին։ «Սա իմ ցավն է՝ թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա», հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է Քոլին Փաուելը։
Եվ վերջում «Քոլին Փաուելի» դոկտրինի մասին, որը նա մշակել էր դեռ տասնամյակներ առաջ։ Գաղափարը մոտավորապես սա է՝ պետք է նախ մինչև վերջ արդյունավետ օգտագործել դիվանագիտական և քաղաքական միջոցները, բայց եթե դա բավարար չէ, անհրաժեշտ է պատերազմի ժամանակ մոբիլիզացնել բոլոր առկա ուժերը և կիրառել ամենաարդիական ռազմական տեխնոլոգիաները։ «Այսինքն,– ասում էր Փաուելը,– սկզբից պետք է փորձել դիվանագիտությունը, իսկ եթե ոչինչ չստացվեց, այլևս խտրականություն չդնել միջոցների մեջ՝ հաղթանակն ամեն գնով ապահովելու համար»։ Արդյոք մենք գոնե ինչ-որ չափով օգտվեցի՞նք Փաուելի դոկտրինից անցած տարվա աշնանը։ Դատեք ինքներդ։
Ախր, մենք սկզբից պատերազմեցինք, ընդ որում` բոլոր արդիական միջոցների օգտագործման մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է, իսկ հիմա նոր՝ պատերազմի ավարտից մեկ տարի անց, դիվանագիտական ջանքեր ենք գործադրում գոնե եղածը մի կերպ փրկելու ու պահպանելու համար։ Այսինքն` ծանոթացանք Փաուելի դոկտրինին և արեցինք նրա ասածի ճիշտ հակառակը։
Բայց չէ՞ որ շատ մեծ խելք չի պահանջվում հասկանալու համար՝ դիվանագիտական ջանքերի արդյունավետությունը հենց պատերազմի ելքից է կախված։