ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և փաստաբան Սիրանուշ Սահակյանը ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով ներկայացրել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ դեսպաններին։ Այդ մասին Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում։
Նրանք դեսպաններին են ներկայացրել նաև անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը, հիմքերը։
Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումներն ուղեկցվել են գլխատումներով ու խոշտանգումներով ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական գերիների նկատմամբ: Պաշտպանը տեղեկություններ է փոխանցել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերի վերաբերյալ։
Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական ԶՈւ անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ:
«Վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից»,- հայտնել է ՄԻՊ-ը:
Հանդիպման ժամանակ Սիրանուշ Սահակյանը մանրամասն անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ նրանց «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ» ներկայացնելը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները:
Սահակյանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի։
Երկուսն էլ նշել են, որ խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը պատասխանատվության չի ենթարկվել պատերազմական հանցագործությունների համար։
ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարած պատվիրակության կազմում են եղել ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպանները, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և այլք։