Մեղրիում հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը. ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներ

Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության օգտին է քվեարկել ընտրողների 42.8 տոկոսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Մեղրի համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը:
«Հանրապետություն» կուսակցությունը ստացել է քվեների 42,8 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիրը»` 32,8 տոկոսը, «Ազատական» կուսակցությունը` 14.4 տոկոսը, «Ապրելու երկիր» կուսակցությունը` 9,8 տոկոսը:
«Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում էր Բագրատ Զաքարյանը։
ՀՀ 9 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը
Հիշեցնենք` երեկ ՏԻՄ ընտրություններ էին Հայաստանի 9 համայնքում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացվեցին Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվեցին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված երեք համայնքներից 1-ում ընթացան ավագանու անդամի ընտրություններ, 2-ում՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ նախնական տվյալների` Տաթև և Տեղ համայնքներում հաղթել է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, Գյումրիում` «Բալասանյան» դաշինքը, Գորիսում` «Առուշ Առուշանյան» դաշինքը։ Դիլիջանում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով։
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: