Կառավարությունը որոշել է. արցախցիները կշարունակեն աջակցություն ստանալ ՀՀ բյուջեից

ՀՀ կառավարություն
ՀՀ կառավարության տվյալներով` Հայաստանում ու Արցախում 36 588 արցախցի կա, որոնք տեղահանվել են և տուն կորցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր գրավոր ընթացակարգով որոշում է կայացրել, որով հաստատել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրամադրվող դրամական օգնության տրամադրումը ևս 4 ամսով երկարաձգելու մասին։ Որոշումը հրապարակվել է գործադիր մարմնի կայքում։
Կառավարության հաշվարկով` այդ նպատակով ամեն ամիս բյուջեից կհատկացվի լրացուցիչ 1 401 075 դրամ, իսկ 4 ամսվա համար` 5 604 300։
Աջակցություն կստանան ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տարածքում բնակվող, անօթևան դարձած արցախցիները։
Երեխաներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի 50 000–ական դրամ, 18 տարեկանից բարձր այլ շահառուներին` 25 000 դրամ։
Հայաստանի կառավարությունն արցախցի փախստականներին դրամական նոր աջակցություն կտրամադրի
Բանն այն է, որ արցախցիներին տրամադրվող աջակցության մասին նախկին որոշման ժամկետն ավարտվել է 2021թ–ի սեպտեմբերին, ինչով էլ պայմանավորված է որոշման ժամկետը երկարացնելու մասին նոր որոշման ընդունումը։
Աջակցությունը նախատեսվում է սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար, բայց քանի որ որոշումն ընդունվում է արդեն հոկտեմբերին, շահառուները սեպտեմբերի գումարները կստանան հետադարձ ուժով:
Կառավարության որոշման մեջ նշված է` Հայաստանում ու Արցախում 36 588 արցախցի կա, որոնք տեղահանվել են ու տուն կորցրել։