Գագիկ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում Գորիսի քննչական կոմիտե են հրավիրվել «Առուշ Առուշանյան» դաշինքի տասնյակ համակիրներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Առուշանյանների ընտանիքի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
«Այս պահին արդեն 11 հոգի հարցաքննվել են։ Բոլորին նույն հարցն են տալիս` Գագիկ Առուշանյանը ընտրակաշառք բաժանել է, թե ոչ։ Բոլորը զարմանում են, թե ինչի մասին է խոսքը»,- ասաց նա։
Փաստաբանի խոսքով` այդ 11 հոգուց զատ ևս 50-60 գորիսեցու են պատրաստվում հարցաքննել։
Նա նշեց, որ Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը, դեռևս չի հարցաքննվել։
Մելքոնյանը Գագիկ Առուշանյանի դեմ հարուցված քրեական գործը անհիմն է որակում և այն պայմանավորում է երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով։
«Ամեն ինչ տեղի է ունեցել հասարակության, լրատվամիջոցների աչքի առաջ։ փորձում են ուղղակի այս փառահեղ, շռնդալից հաղթանակն ինչ-որ ձևով նսեմացնել, փորձում են ինչ-որ քայլերի գնալ։ Ուրիշ բան չունեմ ասելու»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հոր` Գագիկ Առուշանյանի դեմ հարուցվել է քրեական գործ, իբր նա 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։
Դրա հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը խուզարկության թույլտվություն է տվել։
Դատարանը թույլատրել է խուզարկությունն անցկացնել հոկտեմբերի17–19–ը, մեկ անգամ ու մեկ վայրում։
Երեկ` ՏԻՄ տընտրությունների օրը, կարմիր բերետավորների մի մեծ խումբ փակեց դաշինքի գրասենյակի ելումուտն ու իրականացրեց այդ խուզարկությունը։
Խուզարկությունը տևեց 3,5 ժամ և ավարտվեց ընտրատեղամասերը փակելուց հետո։