ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Այսօր` հոկտեմբերի 17-ին, ուղիղ 8:00–ին Գյումրիում գործող 82 տեղամասերի դռները բացվեցին առաջին ընտրողների առջև:
Թեև այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, պայքարի մտած և՛քաղաքական ուժերի թիվն էր պակաս, և՛ ընդհանուր թեկնածուների, սակայն ուժերի ակտիվությունն ու քարոզի ընթացքում կիրառած գործիքները խոսում են այն մասին, որ մասնակցությունն ավելի մեծ կլինի:
Ինչպես նախորդ՝ 2016 թվականի ընտրություններին, այս անգամ ևս քաղաքապետ կդառնա առավելագույն ձայներ հավաքած ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն:
Հենց քաղաքապետի պաշտոնն ու առաջիկա ԱԺ ընտրություններն էին պատճառը, որ Գյումրիում այս անգամ պայքարն այդքան հետաքրքրել էր շատերին. պայքարի մեջ է մտել 7 կուսակցություն և 3 դաշինք՝
1.
«Հայրաքաղաք» դաշինք,2.
«Արժանապատիվ ուղի» կուսակցություն,3.
ՀՀԿ,4.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,5.
«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն,6.
«Գյումրին կռնա» դաշինք,7.
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն,8.
«Թասիբով» դաշինք,9.
«Ապրելու երկիր» կուսակցություն,10.
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն։Sputnik Արմենիայի այցերը մի քանի տեղամասերում ցույց տվեցին, որ ժ.11:00–ի դրությամբ ակտիվությունը միջին է, իսկ թերացումներ ու բողոքներ չեն արձանագրվել:
Շատերը տեղամաս եկել են հայրենի քաղաքի ապագան հանգիստ ու զարգացող տեսնելու ակնկալիքով:
«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր մասնակցությունն ունենա, քանի որ որոշվելու է, թե հետագա տարիներին ով է ղեկավարելու մեր քաղաքը»,-նշում է ընտրող Մոնիկա Խորոտյանը՝ վստահեցնելով, որ ընտրություններին մասնակցող 10 քաղաքական ուժի առկայությունը չի շփոթեցնում, ընտրությունը կատարել է քաղաքական ուժի անցած ուղին ու գործունեությունը հաշվի առնելով:
Հավելենք, որ Գյումրու ընտրությունները համակարգող թիվ 31 ՏԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանի տեղեկացմամբ` ընտրական օրը մեկնարկել է առանց լուրջ խնդիրների:
Ընտրատեղամասերից մեկում մատնահետք կարդացող սարքն է խափանվել, խնդիրը կարգավորել են:
Ընտրողներից մեկն էլ ներկայացել է ժամկետանց անձնագրով:
Հիշեցնենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ՝ 422 թեկնածու: