Թշնամին մնում է թշնամի, նույնն է, չի փոխվել. սահմանագծի զինվորները` իրավիճակի մասին

Սահմանին կանգնած զինվորները
Զինծառայողները լրագրողներին հավաստիացրել են, որ, անկախ 44-օրյա պատերազմի ելքից, իրենց մարտական ոգին բարձր է, բանակը պատրաստ է ցանկացած պահի արժանի պատասխան տալ հակառակորդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. Թշնամին մնում է թշնամի, նույնն է, չի փոխվել։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը` խոսելով 44-օրյա պատերազմից հետո հակառակորդի պահվածքում նկատված փոփոխության մասին։
«Երկրորդ բանակային կորպուսը պատրաստ է կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները: Դա ապացուցվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և այժմ: Կորպուսն ի վիճակի է չեզոքացնել հակառակորդի ցանկացած սադրանք»,-վստահեցրել է նա մարտական դիրքեր այցելած ԶԼՄ ներկայացուցիչներին։
Մարտական դիրքեր
Գնդապետը հայտնել է, որ պատերազմի հետևանքով սահմանագիծը փոխվել է, իր ղեկավարած բանակային կորպուսը պատերազմից անմիջապես հետ զբաղեցրել է սահմանային նոր գիծը, որն այժմ վերազինվում ու կահավորվում է։
«Կահավորվում են նոր դիրքերը, լուծվում են ծառայողների առօրյա խնդիրները: Քարե տներ են կառուցվում, ապահովվում են ճանապարհներն ու կապի գծերը: Ձմռան նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են»,-հայտնել է բարձրաստիճան զինվորականը։
Մարտական դիրքեր
Զինծառայողները լրագրողներին հավաստիացրել են, որ, անկախ 44-օրյա պատերազմի ելքից, իրենց մարտական ոգին բարձր է, բանակը պատրաստ է ցանկացած պահի արժանի պատասխան տալ հակառակորդին։
«Զինվորների ոգին մարտական է, սպաների ոգին մարտական է, մենք պատրաստ ենք պաշտպանելու մեր հայրենիքի սահմանները»,– ասել է զինծառայողներից մեկը։
Մարտական դիրքեր
Նրա ծառայակիցն էլ վստահեցրել է, որ հակառակորդի շարժը վերահսկվում է, իրենք պատրաստ են ցանկացած սադրանքի դեպքում լռեցնել թշնամու կրակոցները։